ԱՄՆ-ում գումարի սղության պատճառով բանտերից 2.000 ապօրինի ներգաղթյալ է ազատ արձակվել
Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը բանտերից ազատ է արձակել վտարման սպասող 2.000 ապօրինի ներգաղթյալի, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին։ Եվս 3.000-ն ազատ կարձակվեն ընթացիկ ամսում։ Զանգվածային ազատ արձակման պատճառ է դարձել բյուջեի ծախսերի կրճատման ֆոնին միջոցների սղությունը։
Ներգաղթյալների ազատ արձակումը սկսվել է փետրվարի 15-ից՝ շաբաթական 1000 հոգի։ Միայն նախարարության գործողություններին ուղղված սուր քննադատությունը հանգեցրեց ծրագրի ժամանակավորապես դադարեցմանը։
Ներգաղթյալներն ազատ են արձակվել Արիզոնա, Կալիֆոռնիա, Ջորջիա և Տեխաս նահանգների բանտերից։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենց հետ չեն խորհրդակցել միգրացիոն օրենսդրությունը խախտած անձանց ազատ արձակման վերաբերյալ։ Նախարար Ջանեթ Նապոլիտանոն խոստովանել է, որ «ցավում է» ծրագիրը նման կերպ կատարելու համար։
Այժմ ամերիկյան բանտերում վտարման է սպասում մոտ 30.000 ապօրինի ներգաղթյալ։ Նախարարությունից հայտնել են, որ ազատ են արձակել միայն այն օրինախախտներին, որոնք կապ չեն ունեցել հանցավոր աշխարհի հետ։ Ազատ արձակված ներգաղթյալներին, միևնույն է, երկրից վտարում է սպառնում։
Բանտում մեկ ներգաղթյալի պահելը, իրավապաշտպանների համաձայն, «նստում է» օրական 164 դոլար։










