Իմ կյանքի գնով մինչև ապրիլի 9-ը հայ ժողովուրդը տոնելու է մեր հաղթանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
Ազատության հրապարակում այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանն ասաց, որ որքան էլ հուզմունք պատճառի սիրելի կնոջը՝ Արմենուհուն, հավաքված ժողովրդին խնդրում է իր խոսքերին հավատալ ուղղակի իմաստով. «Իմ կյանքի գնով մինչև ապրիլի 9-ը հայ ժողովուրդը տոնելու է մեր հաղթանակը»։
Իսկ մինչ այդ նա նշեց, որ ինքը սիրով, բարևով ու ժպիտով նամակ է ուղարկելու երեք պաշտոնյաների` Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Տարոն Մարգարյանին, որպեսզի նրանք գան ազատության հրապարակ և ինքնաբացարկ հայտնեն։
«ՀՀ պետական բոլոր գրասենյակները պատկանում են ՀՀ ժողովրդին, դրա համար թող որևէ տարակույս չլինի, եթե որևէ մեկը մինչև մարտի 5-ի ինձ հրավիրի իր գրասենյակ, Սարգսյան, Մարգարյան, ես կգնամ այդ գրասենյակ, որովհետև այլևս այդ գրասենյակը պատկանում է ՀՀ ժողովրդին»,-ասաց նա։
Րաֆֆի Հովհանիսյանն ասաց, որ խնդրում է արդեն միասնական դարձած հայ ժողովրդին լինել հետևողական։ «Մենք պետք է լինենք հետևողական, ուժեղ և միասնական»,- ասաց նա։
Եվս մեկ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մարտի 5-ին ժամը 5-ին հավաքվում են Ազատության հրապարակում, իսկ մինչ այդ ցանկացողների հետ այցելելու են Եռաբլուր, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։
.










