Ես պետք է օգտակար լինեմ ներողամտություն հայցող մարդուն, ամեն ինչ կանեմ, որ պատիժը մեղմ լինի. Հայրիկյանն` ամբաստանյալներին

19:24 • 12.06.13

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը մինչև 2013-ի ՀՀ նախագահական ընտրությունները չի ճանաչել Վարդան Սեդրակյանին, սակայն նրա համար վերջինիս կողմից արված մի հայտարարություն տարօրինակ է թվացել. «Իմ մեքենան ավելի թանկ է, քան Պարույր Հայրիկյանը»: Այս մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստին ցուցմունք տալիս ասաց գործով տուժող Պարույր Հայրիկյանը:


«Ես դա համարեցի անառողջ մարդու պահվածքի դրսևորում, որովհետև ցանկացած գնի ապրանքի հետ մարդուն համեմատելը մարդկային չէ: Դա միակ արտահայտությունն էր, որ ես ընդունել եմ զարմանքով»,- ասաց նա:


Գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը՝ հղում կատարելով ավելի վաղ Պարույր Հայրիկյանի արած այն հայտարարությանը, թե իր նկատմամբ 1992-ից մահափորձեր են իրականացվում, հարցրեց, թե արդյոք վերջինը չի՞ համարում նախորդների տրամաբանական շարունակությունը: Պարույր Հայրիկյանն ընդգծեց, որ ոչ միայն համարում է, այլ նաև գիտի, որ հենց այդպես է:


Այդ ժամանակ Վարդան Սեդրակյանը հարցրեց, թե այդ դեպքում արդյոք կարո՞ղ է տրամաբանական կապ լինել իր և 1992-ից իրականացվող մահափորձի միջև, ինչին Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ դուք կապ ունեք, ես դա չգիտեմ, ես ասում եմ, որ իմ դեմ են ռուսական կայսերապաշտական ուժերը...: Որևէ առնչություն ես ձեզ հետ չեմ ունեցել, սա անձնական խնդիր չէ, սա ուղղված է իմ քաղաքական գործունեության դեմ»:


Պարույր Հայրիկյանին հարց ուղղեց նաև ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանը, ում տուժողը ճանաչել էր՝ ասելով, որ հենց ինքն է կրակել իր վրա: Խաչատուր Պողոսյանը հարցրեց, թե արդյոք տուժողի կարծիքով ինքը սպանելու նպատակ ունեցե՞լ է, ինչին Հայրիկյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, բայց այդքան մոտիկից կրակելու դեպքերում քչերն են կենդանի մնում, իմ բախտը բերեց: Ես շատ եմ ցավում Ձեզ համար, Խաչատուր: Ես պետք է օգտակար լինեմ ներողամտություն հայցած մարդուն, իմ մասով ամեն ինչ կանեմ, որ պատիժը մեղմ լինի»,- ասաց նա:


Իսկ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը նշեց, որ ինքը ծառայել է Աֆղանստանում և հնարավոր չէ, որ ցանկության դեպքում չկարողանար սպանել Պարույր Հայրիկյանին: Նա նաև ընդգծեց, որ նման ցանկություն ունենալու դեպքում նա մի քանի անգամ ևս կկրակեր:
Պարույր Հայրիկյանը չճանաչեց նաև մյուս ամբաստանյալին՝ Սամվել Հարությունյանին, և նշեց, որ չգիտի, թե վերջինս որքանով կարող է կապ ունենալ գործի հետ:


Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 13-ին՝ ժամը 12-ին:


Նշենք, որ դատական նիստից հետո Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ պատրաստակամություն չհայտնեց խոսելու, սակայն հարցին, թե արդյոք գո՞հ է դատավարական ընթացքից, նշեց. «Ես գոհ կլինեմ այն ժամանակ, երբ բոլորը լինեն ազատության մեջ»: