Վիլֆրիդ Մարթենսը Րաֆֆի Հովհաննիսյանին հասկացնել է տալիս, որ նա հրավիրված չէ ԵԺԿ գագաթնաժողովին

11:25 • 12.06.13

Tert.am-ի տրամադրության տակ է հունիսի 3-ի Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի նամակը ուղղված «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, որում նա Րաֆֆի Հովհաննիսյանին հասկացնել է տալիս, որ «Ժառանգության» առաջնորդը չի կարող մասնակցել հունիսի 20-ին Վիեննայում մեկնարկող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված գագաթնաժողովին:

Ներկայացում ենք Վիլֆրիդ Մարթենսի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը:


«Գրում եմ Ձեզ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանի՝ Tert.am կայքում հրապարակված հոդվածում տեղ գտած հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է ԵԺԿ գագաթնաժողովին կուսակցության մասնակցությանը:


ԵԺԿ-ի ներքին կանոնադրության, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի համաձայն ԵԺԿ գագաթնաժողովի հրավիրյալները մեր քաղաքական ընտանիքին պատկանող կուսակցությունների ներկայացուցիչներ են, որոնք հանդիսանում են պետության կամ կառավարության ղեկավար: Միայն այն դեպքում, եթե ԵԺԿ կուսակցության անդամը կառավարության մաս չի կազմում, գագաթնաժողովին հրավիրվում են երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները:


Քանի որ Հայաստանի պարագայում, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է և վերընտրվել է նախագահի պաշտոնում, նա ԵԺԿ գագաթնաժողովի հրավիրյալ է։


ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հավատարիմ գործընկերն է, և մենք լիարժեք վստահություն ենք տածում Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարության նկատմամբ»,- գրել է ԵԺԿ ղեկավարը:


Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ին հայտնել էր, որ «Ժառանգությունը» չի քննարկել հունիսի 20-ին Վիեննայում մեկնարկող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված գագաթնաժողովին իր մասնակցության հարցը, բայց երբ դիտարկի և դրական որոշում ընդունվի, մասնակցությունը կարվի կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մակարդակով:
 

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո հետընտրական ամենաթեժ շրջանում Ստյոպա Սաֆարյանը բաց նամակ էր հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսին, որում կոչ էր արվում վերանայել փետրվարի 18-ին ՀՀ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների առիթով Սերժ Սարգսյանին շնորհավորելու Եվրոպայի ժողովրդական կուսակցության որոշումը և ավելացրել. «Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության և ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշները, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից և հանձնառությունից, որոնք մենք կիսում էինք ու ընկած էին անդամակցության հիմքում»,- գրել էր Ստյոպա Սաֆարյանը:


Ստյոպա Սաֆարյանը մինչ օրս չի ստացել պատասխան Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ կուսակցություններից և ոչ մեկից: «ԵԺԿ-ն շատ խելացի վարվեց՝ ուղղակի լռություն պահպանելով մեր բարձրացված հարցադրման շուրջ»,- ասել էր Ստյոպա Սաֆարյանը՝ այդ լռությունը մեկնաբանելով այսպես. «Մի քանի տասնյակ կուսակցություններից և ոչ մեկը տեր չի կանգնել Մարթենսի դիրքորոշմանը: Անգամ Վիլֆրիդ Մարթենսն ինքը ուղղակի չպատասխանեց հարցին, որ դա, այո, իր անձնական, բայց պաշտոնական տեսակետն է»,- այն ժամանակ մեկնաբանել էր Ստյոպա Սաֆարյանը: