Սիրիացի ապստամբները հարձակման են ենթարկել հենակետերը՝ Ավստրիայի խաղաղապահների դուրս բերման պահին
Սիրիացի զինյալները Գոլանի բարձունքների մոտակայքում հարձակում են սկսել երկրի կառավարական ուժերի վրա այն պահին, երբ ավստրիացի խաղաղապահների առաջին խումբը դուրս բերվելիս է եղել տեղանքից, տեղեկացնում է Взгляд-ը։
Բախումներն այդ շրջանում սկսվել են զինյալների կողմից «Բրավո» հսկիչ անցագրային կետի գրավումից հետո, որը գտնվում է Իսրայելի և Սիրիայի զորքերի շփման գծի մոտ՝ Գոլանի մոտակայքում։
Զինյալ ծայրահեղականները հունիսի 6-ին մի քանի ժամ գրավել էին Ալ-Կունեյտրայի մոտ տեղակայված անցակետը։ Սակայն սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումները կարողացել էին վերականգնել վերահսկողությունը։
Այսօր Ավստրիան սկսել է Գոլանի բարձունքներից դուրս բերել իր խաղաղապահներին։ Զորքերի դուրս բերման պատճառը դարձել էր ռազմական գործողությունները Սիրիայում՝ Գոլանի բարձունքների մոտակայքում։
Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն կոչ է արել ուժեղացնել խաղաղապահների պաշտպանությունը։ Նա նշել է, որ ինքը ցանկանում է ստանալ ՄԱԿ-ի պարզաբանումը, ինչից հետո իրենք կքննարկեն ավելի քան 300 ֆիլիպինցի խաղաղապահների դուրս բերման հարցը։
Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորակազմը կարող է փոխարինել Գոլանի բարձունքներում Ավստրիայի խաղաղապահներին։










