Լենինի հեռագիրը լոնդոնյան աճուրդում վաճառվել է 78 հազար դոլարով
Վլադիմիր Իլյիչ Լենինի հեռագիրը, որը տեղեկացնում է Շվեյցարիայից Ռուսաստան վերադառնալու մասին, այսօր Christie's աճուրդի տանը վաճառվել է մոտ 49 հազար 875 ֆունտով (78.000 դոլար)։
1917թ.-ի ապրիլի 6-ին Բեռնից ուղարկված հաղորդագրությունը, որը հասցեագրված է եղել ֆրանսիացի սոցիալիստ Անրի Ժիլբոյին, ֆրանսերենից թարգմանաբար այսպես է հնչում. «Մենք վաղը կեսօրին մեկնում ենք Գերմանիա։ Պլատենն ուղեկցում է գնացքը։ Խնդրում եմ շտապ արի։ Ծախսերը մենք կհոգանք։ Վերցրու քեզ հետ Ռոմեն Ռոլանին, եթե նա համաձայն է»։
«Լենինի ճանապարհորդությունը Շվեյցարիայից գնացքով շրջադարձային պահ էր իր կյանքում և վճռական պահ՝ 20-րդ դարի պատմության համար»,-ավելի վաղ նշել էր Christie's աճուրդի տան ներկայացուցիչը։ Պատմական փաստաթուղթն այս տարիների ընթացքում պահվել է Ժիլբո ընտանիքում։
«Մի քանի տարի առաջ այն վաճառվել էր, և այդ ժամանակվա գնորդներն էլ այժմ վերավաճառել են փաստաթուղթը»,-ասել է ներկայացուցիչը։
Լսելով Ռուսաստանում փետրվարյան հեղափոխության մասին՝ Լենինն անսպասելի պլանավորել է իր վերադարձը Ռուսաստան։










