«Դեպի ԵՄ, թե Եվրասիական միություն» հարցադրումը Աշոտ Մանուչարյանին հիշեցնում է հարյուրամյա վաղեմության պատմություններ
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանն արհեստական է համարում այն «կլիշեները», որոնք տրվում են տնտեսական կամ քաղաքական անվտանգության այս կամ այն համակարգին՝ դրա կողմնակիցների ու ընդդիմախոսների կողմից: Դրանք են՝ «երջանիկ ապագա», «դրախտ», կամ «դժոխք»՝ կախված թե որ ճամբարի կողմից են ներկայացվում որպես Արևմուտքին կամ Ռուսաստանին Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների համատեքստում:
Այսօր կայացած սեմինար-քննարկման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին, Աշոտ Մանուչարյանը նկատեց նաև, որ hրեշտակներ և սատանաներ մարդկանց մեջ քիչ են հանդիպում, և, որ «սովորաբար խառնուրդներն են շատ»:
«Խոսե՛նք իրական խնդիրներից, այլ ոչ թե հռչակած: Որ ասում են՝ «երջանիկ ապագա», դրախտ հիշեցնող մի նկար, իսկ իրականում, այդ երկրները լուծում են շատ կոնկրետ խնդիրներ, և տեսնե՛նք, այդ լուծումներն ինչպես կանդրադառնան մեր խնդիրների վրա»,-ասաց Աշոտ Մանուչարյանը:
Նշենք, որ քննարկմանը, որի առարկան, ըստ էության կարելի է ձևակերպել «ԵՄ և Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագի՞ր, թե՝ Եվրասիական միություն և Մաքսային միություն», մասնակցում էին նաև մի շարք քաղաքական գործիչներ՝ Անդրիաս Ղուկասյանը, Արամ Կարապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյան, Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, այլ հյուրեր ու բանախոսներ:
Ի դեպ, նշենք, որ «եվրոպամետների» կամ «ռուսամետների» ելույթները, որոնք հաջորդում էին միմյանց որպես պատասխան, հակառակում համոզվածները լսում էին դեմքի բազմանշանակ արտահայտությամբ:
Իսկ Աշոտ Մանուչարյանը վերը նշված հայտարարությամբ պատասխանեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին, ով իր հերթին հայտարարել էր , որ Հայաստանի այլընտրանքը մեկն է՝ ինտեգրացում դեպի Եվրոպա, այլապես երկիրը կկործանվի:
Ռուբեն Մեհրաբյանը նաև ավելացրել էր, որ այսօր արդեն վաղուց ժամանակն է, որ երկիրն ունենա արևմտյան և լիբերալ արժեքները կրող եվրոպամետ ընդդիմություն:
Նշենք, որ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն էլ, նշելով, որ Հայաստանն իր ընտրությունը կատարել է, այնուամենայնիվ, ընդգծել էր, որ տարածաշրջանում Ռուսաստանի համար Հայաստանը հատուկ նշանակություն ունի: Եվ անդրադառնալով Ռիչարդ Կիրակոսյանի այդ հայտարարությանը, Աշոտ Մանուչարյանը նկատեց. «Եվ եթե մենք այն մի կողմ ենք նետում, այդ հատուկ նշանակությունը, ապա վաղը կարող ենք հանդիպել որոշակի պրոբլեմների, որոնք ցանկացած գերտերություն, որի հատուկ նշանակության հետ մենք հաշվի չենք նստի, կառաջացնի այստեղ»:
Աշոտ Մանուչարյանն իբրև օրինակ բերեց Լիբիան, որն ըստ նրա՝ հաշվի չնստեց ԵՄ–ի համար ունեցած հատուկ նշանակության հետ, «և արդյունքում այս երկիրը հիմա, փաստորեն, չկա»:
«Եկե՛ք հասկանանք՝ ի՞նչ կարող է լինել, եթե մենք կատարենք այն ընտրությունը, որը հիմա առաջարկվում է, այսինքն` ընտրենք ԵՄ-ն: Ենթադրենք դրախտավայր է, և փորձում ենք պոկվել Ռուսաստանից, որը ներկայացվեց, որ դժոխքի մի կտոր է: Արդյո՞ք դա չի բերի նրան, որ այդ դժոխքի հարվածների տակ կընկնի Հայաստանը»,- հարցրեց Աշոտ Մանուչարյանը:
Նա հարցի հետ կապված մի փոքր պատմական ակնարկ կատարեց դեպի 1993 թվական, երբ նույն հարցով քննարկումներ են եղել ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Գիլմորի և Պենտագոնի ենթակայության տակ գտնվող մի ինստիտուտի ղեկավարության հետ: Եվ Աշոտ Մանուչարյանը նրանց հարցրել է, թե ինչու էլչիբեյին, Գամսախուրդիային, Լանսբերգիսին, որոնք Արևմուտքի բարեկամ ղեկավարներ էին, Արևմուտքը դրդեց ուժեղ առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ, ինչը կործանարար հետևանքներ ունեցավ իրենց երկրների համար»: Աշոտ Մանուչարյանը հիշեց, որ այն ժամանակ էլ ամերիկյան դիվանագետներին մեղադրել է, թե ինչո՞ւ իրենց բարեկամ ղեկավարներին չեն սովորեցնում ավելի ճկուն ու մեղմ վարքագիծ դրսևորել:
Աշոտ Մանուչարյանը հայտարարեց նաև, որ այդ իրավիճակն իրեն հիշեցնում է ավելի հեռավոր անցյալ, հարյուր տարի առաջ, երբ էլի Հայաստանում կար «չարի» ու «բարու» սկզբունքների ընդհարում: Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ կար «չար» բոլշևիզմը և «բարի» Բրիտանիան, որը մեզ համար պետք է լիներ փրկության կղզյակ: «Բայց հայտնվեցինք մի կոնկրետ իրավիճակում, երբ մեր հարևանները, բոլշևիզմի արգումենտներն ավելի լուրջ ընդունեցին, քան մենք և մենք մնացինք «առաջադեմ մարդկության միակ կղզյակն» այս տարաշաշրջանում՝ արդյունքում կորցնելով Հանրապետության կեսը»,- նկատեց Աշոտ Մանուչարյանը:










