Գեզիից մեզի հոտ է գալիս. Էրդողանը դարձյալ ցուցարարներին զայրացնող հայտարարություններ է արել

16:31 • 13.06.13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի ընդունելու Եվրոպայի խորհրդարանի կողմից Թուրքիայի առնչությամբ ընդունված որոշումը, տեղեկացնում է Haberler կայքը։

 

«Գեզիից (զբոսայգուց) այս պահին մեզի հոտ է գալիս։ Կներեք, բայց այնտեղ բնական կարիքները հոգացողներ կան։ Բոլորին նկատի չունեմ։ Իսկ մեր ոստիկաններն այնտեղ իրենց պարտքը շարունակելու են կատարել»,-հայտարարել է վարչապետը։

 

Նա նշել է, որ բոլորը կառավարությանը մեղադրում են արցունքաբեր գազ կիրառելու համար և հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում ոստիկաններն այն օգտագործելու իրավունք ունեն։ «600 ոստիկան է տուժել, դրա մասին ինչո՞ւ չենք խոսում»,-հարցրել է նա։

 

Անդրադառնալով ցուցարարներին ազատ արձակելու պահանջին, նա ասել է՝ «իհարկե, ինչպես հրամայեք, սակայն քանդել-այրելը հանցանք է, 100 տրիլիոնից ավելի վնաս կա, դա ո՞վ պետք է փոխհատուցի»։

 

Նա ցուցարարներին ևս մեկ անգամ կոչ է արել հեռանալ այգուց և իրենց «անօրեն խմբավորումների հետ դեմ հանդիման» թողնել։

«Մենք նրանց հարցերը կլուծենք, որովհետև Գեզի այգին ողջ ստամբուլցիներինն է, ժողովրդինն է, զբոսաշրջիկներինն է։ Մենք համբերում ենք, սակայն մեր համբերությունն արդեն սպառվում է։ Վերջին անգամ եմ նախազգուշացնում։ Հայրիկներ, մայրիկներ, ձեր երեխաներին տիրություն արեք»,-ասել է նա։

 

Էրդողանը շարունակել է պնդել, որ այգու տարածքում 600 ծառերից 70-80 ծառ է հատվելու։