ԵԽ-ն կշտամբել է Էրդողանին, գովել՝ Գյուլին. Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է (թարմացված)
Եվրախորհրդարանը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թաքսիմ հրապարակի ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժ կիրառելու համար, հայտնում է Al Jazeera-ն:
Սակայն, միևնույն ժամանակ, Եվրոպական Միության օրենսդիր մարմինը գովել է նախագահ Աբդուլլահ Գյուլին և փոխվարչապետ Բյուլենթ Առընչին ընդդիմության հետ իրենց հանդիպումների և «Թաքսիմի համերաշխության հարթակի» հետ երկխոսության համար: Վերջինս ցուցարարներից բաղկացած խումբ է:
Ավելի վաղ Էրդողանը նկատել էր, որ Թուրքիան ԵՄ-ի անդամ չէ, և Բրյուսելի պարտականությունը չէ Թուրքիային վերաբերող որոշում կայացնել:
Ավելին, Էրդողանը ԵԽ-ին խորհուրդ է տվել նախքան Թուրքիային կշտամբելը հարևան Հունաստանին նայել, որտեղ ցուցարարների նկատմամբ ևս ոստիկանական ուժ է կիրառվում:
Թուրքիայում բողոքի ցույցերը սկիզբ են առել Գեզի զբոսայգում ծառահատումներ իրականացնելու և առևտրի կենտրոն կառուցելու՝ իշխանությունների որոշումից հետո։ Ի դեպ, հաղորդվում է հակակառավարական ցույցերի ու բախումների հետևանքով 5-րդ զոհի մասին։
16.32 Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Եվրախորհրդարանի որոշմանը։
«Որևէ երկիր կամ երկրների խումբ Թուրքիային ժողովրդավարության դասեր չի կարող տալ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Եվրոպայի խորհրդարանի կողմից Թուրքիայի կառավարությանը քննադատելու որոշումը։
Նա նշել է, որ այդ որոշումը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Թուրքիայի դեմ երկակի չափանիշեր են կիրառվում։
«Այդ որոշումն անընդունելի է։ Բռնություն գործադրող մարգինալ խմբերին և մյուս խմբերին տարանջատել է պետք։ Մեր երկիրը միշտ սատարել է մարդու հիմնարար ազատություններին։ Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի իմիջն արտերկրում փորձեն վնասել»,-ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան իր հարցերը կլուծի ներսում։










