Ով էլ լինի Իրանի նախագահ, հայ-իրանական հարաբերությունները չեն փոխվի. իրանագետ

13:13 • 13.06.13

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը Իրանում վաղը կայանալիք նախագահական ընտրությունների շուրջ այսօր արտահայտելով իր տեսակետը՝ ասաց, որ Իրանի արտաքին քաղաքական կուրսը ձևավորվում է հոգևոր առաջնորդի անմիջական մասնակցությամբ և արտաքին գործերի նախարարի կողմից, երկրի նախագահը այդ հարցում դեր չի ունենում, և քանի որ հոգևոր առաջնորդը չի փոխվում, արտաքին քաղաքականությունը չի փոխվում։


«Ես չեմ կարող ասել, ար Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին վատ էին հայ-իրանական հարաբերությունները, բայց հիմա ով էլ լինի նախագահ, հայ-իրանական հարաբերությունները չեն փոխվելու, իմ պատկերացմամբ՝ դեպի ավելի դրական են գնալու»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։


Վերջինիս խոսքով՝ Հայաստանի հետ Իրանը խնդիրներ չունի, և իրանական կողմն ամեն ինչ անում է հայ-իրանական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ «Դրանով Իրանի կառավարությունն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ տեսեք, մենք քրիստոնյա եկեղեցին մտցրել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում։ Բայց փաստը մնում է փաստ, որ մեր խնդիրներն այնտեղ լուծվում են բարձր մակարդակով»,- նկատեց իրանագետը։


Ինչ վերաբերում է իրանական գազից օգտվելու Հայաստանի տարբերակին, նա նշեց, որ Իրանն ունի իր մոտեցումներն այդ հարցում, բայց խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է սպառել և Իրանից, և Ռուսաստանից մատակարարվող գազը։


Բանախոսը նաև նշեց, որ Իրանի նախագահական ընտրությունները թեժ չեն լինի։ Իսկ թեկնածուների մասին ասաց, որ բոլորի մոտ կարմիր թելի գծով անցնում է տնտեսության հարցը, քանի որ դա խնդիր է Իրանում։ Ըստ նրա՝ արտաքին քաղաքականության մեջ թեկնածուներից Ալի Աքբար Վելայաթին է ամենալավը կողմնորոշվել, և դա նրա ուժեղ կողմն է։