Հունաստանում համընդհանուր գործադուլ է

12:55 • 13.06.13

Հունաստանում այսօր համընդհանուր 24-ժամյա գործադուլ է սկսվել՝ ի նշան իշխանությունների կողմից հունական ռադիոհեռարձակման կորպորացիայի (ERT) փակման դեմ բողոքի, հայտնում է Взгляд-ը։

 

Գործադուլը հայտարարվել է Հունաստանի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի և Պետական ծառայողների արհմիության գերագույն խորհրդի կողմից։

 

Գործադուլի մասնակիցներն այս քայլով իրենց համերաշխությունն են հայտնում 2.600 «աշխատանքից ժամանակավոր ազատվածներին»՝ պետական ռադիո- և հեռուստաալիքի աշխատակիցներին։ Նրանք դադարել են հեռարձակել իրենց հաղորդումները (այժմ միայն բացառությամբ համացանցի) ոչ միայն Հունաստանում, այլև հունական սփյուռքի համար ամբողջ աշխարհում։

 

Իրենց մասնակցությունը գործադուլին արդեն հաստատել են մի շարք արհմիություններ, որոնք միավորում են աշխատավորների տարբեր խմբեր, մասնավորապես՝ տրանսպորտային և հարկային ոլորտների աշխատակիցներ, բժիշկներ, բուհերի դասախոսներ։

 

Երկու ժամվա ընթացքում՝ ժամը 15։00-ից մինչև 17։00-ը, գործադուլ կանեն ավիադիսպետչերները։ Լրագրողների և տպագիր մամուլի տեխնիկական անձնակազմի մի մասը գործադուլը սկսել է չորեքշաբթի։ ԶԼՄ-ների աշխատողները հայտնում են, որ պատրաստվում են բողոքել այնքան, քանի դեռ իշխանությունները չեղյալ չեն համարել պետական ալիքները փակելու որոշումը։