Վարչապետը լուրջ քայլեր պիտի անի կոռումպացված չինովնիկներից ազատվելու համար. ԱԺ նախագահը զարմացած է ՎՊ նախագահի զեկույցից
Ազգային ժողովում 2012-ին կառավարության գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ հիմնական թերությունները բացահայտվել են շինարարական և գնումների ոլորտում: Նա ընդգծեց, որ ՎՊ-ն բազմաթիվ բացթողումներ և խախտումներ է արձանագրել, հատկապես՝ ճանապարհաշինարարության ոլորտում, որոնք կրում են համակարգային բնույթ:
Իշխան Զաքարյանը նշեց, որ շինաշխատանքներն իրականացնելիս օգտագործվել են վատորակ ասֆալտբետոնե խառնուրդներ: Նա մտահոգիչ համարեց նաև գնումների ոլորտում տեղի ունեցածը, ըստ որի՝ գրեթե բոլոր գնվող ապրանքների գները շուկայականից ավելի բարձր են եղել և խոսեց օրինակներով:
ՎՊ նախագահի հաշվետվությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ինքն այդ չարաշահումների մասին խոսակցություններին չէր հավատում, բայց հիմա զարմացած է: «Զարմացած եմ, որ գործ ունենք թալանչիների հետ, այս մարդկանց գործերը պետք է ուղարկենք դատախազություն»,- ասաց նա և նշեց, որ դրանք կրկնվում են:
«Սրա վերջն ի՞նչ է լինելու»,- հարցրեց նա:
ՎՊ նախագահը հայտնեց, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության, նաև կառավարության հետ իրենք բավականին երկար քննարկել են այս բոլոր խնդիրները:
«Չե՞ք կարծում, որ մեր հանրության մոտ տպավորություն կստեղծվի, որ մենք էլ ենք մասնակից, որ հայտնաբերում ենք, բայց տուգանք չենք կիրառում: Այդ պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից, անփոխարինելի պաշտոնյա չկա։ Վարչապետը լուրջ քայլեր պիտի անի այս ուղղությամբ: Ես գտնում եմ, որ սա պիտի ունենա լուրջ հետևանքներ՝ կեղծիքներով, թալաններով, յուրացումներով զբաղված մարդկանց պետք է ազատել աշխատանքից»,- շեշտեց ԱԺ նախագահը:
Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հետ չմնաց ու վստահեցրեց, թե իրենք տարբերում են բացթողումները, թերացումները և հանցագործությունները: «Եթե թերացել է՝ այլ բան է, իսկ եթե մսխել է, ուրեմն պետք է հայտնվի համապատասխան վայրում: Նշում եք չկատարած աշխատանքների դիմաց վճարում, հո հոր տնից չի՞ բերել, որ չվճարի: Մենք պետք է օր առաջ ազատվենք կոռումպացված չինովնիկներից»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:
Նա հարցրեց Իշխան Զաքարյանից, թե ըստ նրա, քանի՞ քրեական գործ է հարուցվելու: «Քանի քրեական հանցանք եք տեսնում, այո՛, քաղաքական հայտարարություն եմ անում, որ մեզ համար անթույլատրելի է, չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցյալում են»,- ասաց նա:
ՎՊ նախագահը նշեց, որ այո՛, կան կոռուպցիայի լրջագույն ռիսկեր, որի մասին բոլորը խոսում են: «Պատժելիության հետ կապված դա մեր խնդիրը չէ, մենք պատժիչ գործառույթ չունենք: Օրինակ՝ Էմիրություններում կա այդպիսի բան, մեր օրենքով չկա»,- ասաց նա:
Շարմազանովը լրացրեց. «Մեզ արհեստական դամոկլյան սուր թափ տալ պետք չէ, բայց պետք է թացը չորից տարբերենք, եթե կան, ուրեմն պետք է այդ կոռումպացված չինովնիկներին պատժել: Այդ մարդիկ կամ օր առաջ պետք է գնան իրենց տուն, կամ էլ կտանենք ուրիշ տեղ»,- նշեց նա:










