Տոկիոն 10 մլն դոլար կհատկացնի Սիրիային

13:09 • 13.06.13

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որոշում է կայացրել մոտ 10 մլն դոլար տրամադրել Սիրիայի այն շրջանների բնակիչներին, որոնք գտնվում են հակակառավարական ուժերի վերահսկողության տակ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Նախևառաջ, այդ միջոցները կուղղվեն փախստականների կարիքներին։ Իր որոշման մասին վարչապետը կհայտարարի հունիսի 17-18-ը Մեծ Բրիտանիայում կայանալիք մոլորակի 8 առաջատար երկրների առաջնորդների ժողովի ժամանակ։

 

Միաժամանակ Տոկիոյում քննարկվում է Հորդանանին ցածր տոկոսադրույքով մոտ 100 մլն դոլար վարկ տրամադրելու հարցը, որն իր տարածքում մեծ քանակությամբ սիրիացի փախստականներ է ընդունել։ Տոկիոյի գնահատականներով՝ նրանց ընդհանուր թիվն այդ երկրում, ինչպես և Թուրքիայում, գերազանցել է 1.5 մլն-ը։ Ավելի վաղ, ՄԱԿ-ի կառույցների և այլ միջազգային կազմակերպությունների միջոցով Ճապոնիան մոտ 80 մլն դոլարի օգնություն է հատկացրել։

 

Երեքշաբթի Տոկիոն հայտարարել է, որ Սիրիայում կգործի բացառապես հումանիտար ոլորտում։ «Մենք քննարկում ենք օգնության տրամադրման հարցը միայն այն ոլորտներում, որտեղ մեր մատակարարումները հնարավոր չի լինի կիրառել ռազմական նպատակներով»,- ասել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։