ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում անտառային հրդեհների հետևանքով շուրջ 100 տներ են այրվել

00:57 • 13.06.13

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում հունիսի 10-ից մոլեգնող անտառային հրդեհները շուրջ 100 բնակելի տներ են ոչնչացրել, այսօր տեղեկացրել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Գրանցվել է հրդեհի բռնկման 4 օջախ: Ամենակատաղի հրդեհը մոլեգնում է նահանգի հյուսիս-արևելյան Կոլորադո-Սպրինգս շրջանում: Նախնական տվյալների համաձայն՝ այնտեղ 3000 հեկտար անտառ է ոչնչացվել. չափազանց շոգ և չոր եղանակի ու ուժգին քամու պատճառով կրակը արագ է տարածվում:

 

Հրդեհը մարող աշխատակազմի ներկայացուցիչների խոսքով դեռևս չի հաջողվում մեկուսացնել կրակը: Իշխանությունները հայտարարել են ավելի քան 7000 բնակիչների հարկադիր տարհանման մասին: Կոլորադո-Սպրինգսի բանտից, որն ամբոջովին պատվել է ծխով, այսօր տարհանվել են շուրջ 900 բանտարկյալներ:

 

Իշխանությունները որոշում են կայացրել աղետի դեմ պայքարում կենտրոնացնել նաև ավիացիոն ուժերը՝ 6 հակահրդեհային ուղղաթիռներ և 1 օդանավ: Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել: