Խորհրդային տիեզերագնաց Լեոնովը հերքում է Գագարինի մահվան պաշտոնական վարկածը (տեսանյութ)
Խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը նոր բացահայտումներ է ներկայացրել Յուրի Գագարինի մահվան պատճառների մասին: Լեոնովի կարծիքով պաշտոնական վարկածը ճիշտ չէ, գրում է Russia Today-ը:
Վերջինիս խոսքով Գագարինի ՄիԳ-15 ինքնաթիռի կործանման պատճառ է հանդիսացել ոչ թե սագերի երամը, որը խանգարել է օդաչուին, ինչպես ասվում է պաշտոնական վարկածում, այլ Սու-15 ինքնաթիռը, որը թռչելիս է եղել ոչ իր համար նախատեսված բարձրության վրա:
Վթարի պատճառի մասին պաշտոնական վարկածում ասվում է, որ սագերի երամը խանգարել է Գագարինի ընթացքին և վերջինս, փորձելով փոխել ինքնաթիռի ուղղությունը, վթարի է ենթարկվել:
Սակայն Լեոնովը պատմել է, որ 1968-ի մարտի 27-ին Սերյոգին-Գագարին ինքնաթիռի թռիչքի ժամանակ նույն տարածքում է հայտնվել մեկ այլ ինքնաթիռ, որի մասին տեղեկություն չեն ունեցել: Ինքնաթիռի օդաչուն, խախտելով թռիչքի ռեժիմը, հայտնվել է սխալ բարձրության վրա: Լեոնովը հայտնել է, որ տեղեկությունն իրեն հայտնի է, քանի որ ինքն այնտեղ է եղել և լսել է գերձայնային աղմուկը և զրուցել ականատեսների հետ: Տիեզերագնացի խոսքով Սու-15 ինքնաթիռը բախվել է Գագարինի ինքնաթիռին, ինչն էլ վթարի պատճառ է հանդիսացել:










