Չենք կարող թույլ տալ ԵՄ ասոցացման պայմանագրի հնարավորությունները բաց թողնելու շռայլություն. Ռիչարդ Կիրակոսյան
Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագիրը մի շարք ռազմավարական հնարավորություններ է ներկայացնում, որոնցից չօգտվելու շռայլություն Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ: Նման կարծիք Հայաստանի ինտեգրացիոն գործըթնացների վերաբերյալ այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Քննարկմանը հրավիրված էին մի շարք քաղաքական գործիչներ հետևյալ կազմով՝ Աշոտ Մանուչարյան, Անդրիաս Ղուկասյան, Արամ Կարապետյան, Խաչատուր Քոքոբելյան, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյան, Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, այլ հյուրեր ու բանախոսներ: Իսկ որպես կազմակերպիչ հանդես էր գալիս «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ «Ֆրիդրիխ Էբերտի» անվան հիմնադրամի հետ միասին:
Անդրադառնալով ԵՄ-Հայաստան ասոցացման բանակցություններին, Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ դրանք այս պահին երկկողմանի են: Հայաստան-ԵՄ ասոցացում և Հայաստան–Եվրասիական միություն ու Մաքսային միություն ուղղությունների հակադրման համատեքստում քաղաքագետը առանց հստակեցման նշեց, որ ակնհայտ է, որ մեր երկրի կողմից ընտրությունը՝«միտվածության տեսքով» կատարված է:
Սակայն, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ Վիլնյուսի գագաթնաժողովն ամենահեշտ մասն է լինելու:
Հիշեցնենք, որ աշնան վերջին Վիլնյուսում պետք է անցկացվի ԵՄ գագաթնաժողովը, որում նախատեսված է Ասոցացման պայմանագրին Հայաստանի նախաստորագրման գործընթացը:
«Իսկ ամենադժվար մասը մասնակիցների համար լինելու է դրա հաջորդ օրը, երբ պետք է վրա հասնեն պարտավորությունները կատարելու ժամկետները: Պարտավորություններ, որոնք բխում են ԵՄ հետ ասոցացման պայմանագրից»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը, ում կարծիքով՝ տնտեսական և քաղաքական բարեփոխումների գործընթացը ավելի կարևոր է, քան այն նշակետը, որին տանում են դրանք:
Ռիչարդ Կիրակոսյանը կարևորեց այն, որ ԵՄ-ն այլևս չպարգևատրի Հայաստանի իշխանությունների «վատ պահելակերպը»: Այսինքն՝ չհանդուրժի Հայաստանում ժողովրդավարության թերությունները։
Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարեց, որ Հայաստանը այլընտրանք չունի՝ բացի բարոփոխումների գնալուց, և որ «տնտեսության «ստատուս քվոն», թերևս, ընդունելի է մի քանի մականունավոր գործիչների համար, իսկ մնացյալի համար ակնհայտ է, որ այն կործանարար է երկրի համար»:
Սակայն նրա ամենաուշագրավ հայտարարութունը վերաբերում էր հայրենի օլիգարխիային, քանի որ ասաց, որ «օլիգարխները Հայաստանում վերջիններն են, որ չեն գիտակցում, որ իրենց ուժը Հայաստանում կամաց -կամաց մարում է»:
Քաղաքագետը ընդհուպ մինչև հայտարարեց, որ Հայաստանի «օլիգարխիայի արքայությանը» նման վտանգ է սպառնում, քանի որ նրանք իրենք են դարձել սպառնալիք երկրի անվտանգության համար:
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ Հայաստանին-ԵՄ ասոցացումը տալիս է մի շարք հնարավորություններ, բայց այն նաև հնարավորություն է տալիս նաև ԵՄ-ին:
«ԵՄ հետ ասոցացումը հենց ինքնին կտա լծակ՝ Հայաստանում բարեփոխումներն ավելի առաջ մղելու համար»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը, ում խոսքով երկրորդ հնարավորությունն արդեն Հայաստանինն է:
Այն է՝ հասնել ավելի մեծ ինտեգրման «առաջիկա մեկուսացման պայմաններում» և օգտվել այն առավելություններից, որոնք բխում են այդ պայմանագրից:
Քաղաքագետը նկատեց, որ մեր երկիրն այս առումով առաջնորդ է մի շարք պետությունների թվում՝ մի գործընթացում, որին Ադրբեջանը որոշել է չմասնակցել: Որպես երրորդ հնարավորություն՝ քաղաքագետը նշեց, որ պայմանագիրը տարածաշրջանին առավել մեծ կայունության հնարավորություն կտա:
Պարզվում է՝ Ռիչարդ Կիրակոսյանն այս ենթատեքստում ինչ-որ հնարավորութուններ է տեսնում, որոնք բխում են նաև ՌԴ–շահերից: Ունենալ ավելի զարգացող, ժողովրդավար ռազմավարական գործընկեր՝ ի դեմս Հայաստանի:
Հայ- ռուսական հարաբերություններում քաղաքագետը խնդիր է համարում համաչափության պակասը:
«Հայաստանը ՌԴ-ի միակ վստահելի գործընկերն է այս տարածաշրջանում, Հայաստանն, իրականում, շատ ավելի մեծ կարևորություն ունի Մոսկվայի համար, քան ինքը գիտակցում է»,-ավելացրեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Ինչ վերաբերում է Մաքսային և Եվրասիական ուղղություններին, նշեց, որ համագործակցությունը դեռ չի նշանակում անդամակցություն:










