Սիրիայում զոհվել է առնվազն 93 հազար մարդ. ՄԱԿ-ը նոր տվյալներ է հրապարակել
ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի հեղինակների խոսքերով՝ անցյալ տարվա հուլիսից Սիրիայում ամեն ամիս միջին հաշվով 5.000 մարդ է զոհվել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է շուրջ 93 հազար մարդ։
Զեկույցում նշվում է, որ այդ տվյալները կարող են թերի լինել, քանի որ մահվան բազմաթիվ դեպքեր անհայտ են մնում։
Զոհերի 80%-ը տղամարդիկ են, սակայն զեկույցում կան փաստացի տվյալներ մինչև 10 տարեկան ավելի քան 1700 երեխաների զոհվելու մասին։
Հայտնի են նաև կտտանքների և մահապատժի դեպքեր, որոնց ենթարկվել են առանձին երեխաներ կամ ընտանիքներ, այդ թվում՝ նորածիններ։
«Դա սարսափելի հիշեցումներից մեկն է այն մասին, թե ինչ չարագուշակ ձև է ընդունել այս հակամարտությունը»,-ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նավի Պիլլայի հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի այս զեկույցը հրապարակվել է մեկ այլ զեկույցին զուգահեռ, որում նշվում է, որ Սիրիայի զոհերի թվում երեխաների թիվն աճել է։
Զեկույցում նշվում է, որ թե՛ կառավարական զորքերը, թե՛ ընդդիմությունը տղաներին և աղջիկներին օգտագործում են որպես մահապարտներ, կամ էլ՝ որպես «կենդանի վահան»։










