Մենակ խոստովանությունը չի, բա ապաշխարելն ո՞վ պետք է անի. Արմեն Ռուստամյանը՝ իշխանության ինքնաքննադատության մասին

12:39 • 14.06.13

ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նոր չի նկատում այն երևույթը, որ իշխանությունը սկսել է ինքնաքննադատությամբ զբաղվել։ «Նոր չի նկատվում այս երևույթը, իշխանություններն այն տրամաբանության մեջ են, որ ամեն տեղ իրենք պետք է լինեն։ Մոնոպոլիզացվել է ամեն ինչ, քաղաքականությունը, տնտեսությունը, հիմա էլ ուզում են քաղաքական դաշտը մոնոպոլիզացնեն, ներկայանալ, թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն։ Սա աբսուրդ է իհարկե, բայց դա երկար ժամանակ է՝ տեսնում ենք, դա դարձրել են իրենց աշխատաոճը, որ ավելի լավ է առաջինը մենք բարձրաձայնենք, որ տեղ չմնա ընդդիմադիրներին խոսել, թե «տեսեք, մենք չենք վարանում խոսել մեր սխալներից»»,- ԱԺ ճեպազրույցների ժամին այսօր ասաց դաշնակցական պատգամավորը։


Արմեն Ռուստամյանը սրանից հերթական եզրակացության է գալիս, այսինքն՝ «ամեն տեղ իրենք լավ են»։ «Բայց չեն ընկալում Ա-ն ասել ես, Բ-ն էլ պետք է ասել։ Քրիստոնեության սկզբունքով՝ մենակ խոստովանությունը չի, բա ապաշխարելն ո՞վ պետք է անի»,- ասաց նա։


Ըստ Արմեն Ռուստամյանի` նրանք միայն խոստովանում են, որը վերածվում է ցինիզմի. «Խոստովանություն առանց ապաշխարհելու վերածվում է ցինիզմի: Ես շատ ուրախ եմ, որ այն, ինչ մենք էինք ուզում ասել ԱԺ նախագահն առաջինն ասաց. սակայն, եթե գործ չկա, ապա ամեն ինչ ինքնախաբեություն է»,- հավելեց պատգամավորը: