Կուբան հանդիսավորությամբ կնշի Էռնեստո Չե Գևարայի ծննդյան 85-ամյակը
Կուբայում ի պատիվ մեծ հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի ծննդյան 85-րդ տարադարձի կհնչի արգենտինացի երգահան Խուլիո Սեսար Պարդոյի «Մահ և վերածնունդ» սիմֆոնիան, որը նվիրված է լեգենդար կոմանդանտեին, տեղեկացնում է Взгляд-ը։
Մասնավորապես՝ Սանտա Կլառա քաղաքում, որտեղ հանգչում է հայտնի հեղափոխականի աճյունը, մոտ 200 արտիստների մասնակցությամբ գալա համերգ տեղի կունենա։ Բացի այդ, 85 պիոներներ հանդիսավոր կերպով կհամալրեն Կուբայի երիտասարդ կոմունիստների միության շարքերը։
Չէ Գևարան ծնվել է 1928թ. հունիսի 14-ին, արգենտինական Ռոսարիո քաղաքում, ճարտարապետի ընտանիքում։ 24 տարեկանում նա մոտոցիկլետով ճամփորդության է մեկնել Լատինական Ամերիկայով և այդ ընթացքում ամբողջ տեսածը մեծ ազդեցություն է ունեցել նրա քաղաքական աշխարհայացքի ձևավորման վրա։
Այնուհետև 1956թ. նա ծանոթացել է Ռաուլ և Ֆիդել Կաստրո եղբայրների հետ ու նրանց հետ Կուբա մեկնել, որպեսզի զինված պայքար մղի Ֆուլհենսիո Բատիստայի ռեժիմի դեմ։ Հեղափոխության ավարտից հետո Չե Գևարան մի շարք կարևոր պաշտոններ է զբաղեցրել, սակայն 1965 թ. նորից զենքը ձեռքն է վերցրել ՝ փորձելով պարտիզանական շարժում սկսել Կոնգոյում, ինչը, սակայն ձախողվել է։
Նրա նախաձեռնած հեղափոխությունը տապալվել է նաև Բոլիվիայում, որտեղ 1967թ. հոկտեմբերի 8-ին հեղափոխականը վնասվածք է ստացել ու գերեվարվել։ Հաջորդ օրը նրան գնդակահարել են։
1997թ. հունիսին ՉԷ Գևարայի աճյունը հայտնաբերվել և հուղարկավորվել է Սանտա Կլառայում։ Անցած 15 տարիների ընթացքում այդ վայրը 3 մլն-ից ավելի մարդ է այցելել։










