Արգենտինայի նախկին նախագահին դատապարտել են 7 տարվա ազատազրկման զենքի անօրինական վաճառքի համար
Արգենտինայի նախկին նախագահ Կարլոս Մենեմին այսօր դատապարտել են 7 տարվա ազատազրկման զենքի անօրինական վաճառքի մեջ ներգրավվածության մեղադրանքով: Վերջինս բժիշկների խորհրդով այսօր չի ներկայացել դատարան, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Կարլոս Մենեմը զբաղեցրել է նախագահի պաշտոնը 1989-1999 թվականներին: Քննվել են նրա գործողություններն իր նախագահության օրոք՝ կապված Խորվաթիային և Էկվադորին արգենտինական զենքի անօրինական վաճառքի հետ 1991-95 թթ, երբ այնտեղ ռազմական գործողություններ էին ընթանում: Սակայն պաշտոնապես զենքը նախատեսված էր Վենեսուելայի և Պանամայի համար:
Կարլոս Մենեմին ձերբակալել էին 2001-ին, սակայն դատարանը, հիմնավոր չհամարելով ներկայացված ցուցմունքները, նրան ազատ էր արձակել: Իսկ այս տարվա մարտին վերաքննիչ դատարանը վերջինիս մեղավոր է ճանաչել:
82-ամյա քաղաքական գործիչն այժմ սենատորի պաշտոն է զբաղեցնում, և նրան չեն կարող ձերբակալել այնքան ժամանակ մինչ խորհրդարանը նրան չզրկի պատգամավորական մանդատից:










