Վրացական գինու առաջին խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստան
Վրացական գինի արտադրող ընկերություններից «Դուգլաձե գինու ընկերությունն» այսօր Ռուսաստան է ուղարկել 2006թ.-ին գինու ներմուծման արգելքից հետո առաջին խմբաքանակը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այսօր երկու մեքենա է ուղարկվել, որոնցում, մասնավորապես, եղել է 30.000 շիշ գինի»,-հայտարարել է ընկերության տնօրենը։
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ նախատեսում է օրական 2-3 բեռնատար ուղարկել։ Ընդհանուր առմամբ առաջիկա օրերին նախատեսվում է ուղարկել 150 հազար շիշ գինի։
Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ գինու արտահանման արտոնագիր «Դուգլաձեի» հետ համատեղ ստացել են նաև «Ալավերդի» և «Թելիանի վելի» ընկերությունները։
Ռուսաստան է արտահանվել նաև կոնյակի առաջին խմբաքանակը։ «Կախեթիի ավանդական գինեգործություն» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ «Կազբեգի-Վերին Լարս» անցակետով ուղարկվել է 21.600 շիշ կոնյակ։
Վրացական գինու, հանքային ջրերի և գյուղմթերքի արտահանումը ռուսական շուկա արգելվել էր 2006թ.-ի գարնանը՝ ռուս-վրացական հարաբերությունների սրման ֆոնին։ Որպես արգելքի պաշտոնական պատճառ նշվել էր վրացական արտադրանքի ցածր որակը։










