Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

09:00 • 14.06.13

Իրանում այսօր մեկնարկել են 11-րդ նախագահական ընտրությունները, որոնց արդյունքների հիման վրա կընտրվի երկրի գործադիր իշխանության 7-րդ ղեկավարը։ Ինչպես նշում է Взгляд-ը, նախօրեին Իրանում հայտարարվել էր «լռության օր», ինչպես նաև արգելվել որևէ քաղաքական քարոզչություն անելը։

 

Ընտրությունները մեկնարկել են տեղի ժամանակով 08։00-ին (երևանյան ժամանակով 07.30-ին) և կտևեն մինչ 18։00-ը (երևանյան ժամանակով 17.30-ին)։ Իրանի 75 մլն բնակիչներից ընտրական իրավունք ունի 50.5 մլն-ը, որից 1.6 մլն-ն առաջին անգամ է մասնակցելու նախագահական ընտրություններին։

 

Գործադիր իշխանության ղեկավարը երկրի հոգևոր առաջնորդ Ալի Համենեից հետո զբաղեցնում է 2-րդ տեղը։ Փաստորեն, գերագույն առաջնորդը զբաղվում է մարտավարական բնույթի հարցերով, իսկ նախագահը՝ որոշում տակտիկականները։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, այս տարի նախագահի աթոռի համար պայքարելու իրավունք է ստացել 6 թեկնածու (ավելի քան 680-ից)՝ Ալի Աքբար Վելայաթին (Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար), Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը (Թեհրանի քաղաքապետ), Մոհսեն Ռեզային (Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար), Հասան Ռուհանին (Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն), Մուհամմադ Ղարազին (Հեռահաղորդակցության նախկին նախարար), Սայիդ Ջալիլին (Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար)։

 

Իրանցի փորձագետները ենթադրում են, որ պայքարը նախագահական աթոռի համար կծավալվի բարեփոխումների կողմնակից Ռուհանիի ու պահպանողական թեկնածուներից մեկի միջև։ Մասնագետների կարծիքով՝ նրանցից ոչ մեկին չի հաջողվի 50%-ից ավելի ձայն հավաքել, և հարկ է ակնկալել ընտրությունների 2-րդ փուլ։