Սիրիան քիմիական զենքի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը կեղծիք է որակել

17:28 • 14.06.13

Սիրիան ընդդիմության դեմ քիմիական զենք կիրառելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը կեղծիք է համարում, հայտնում է երկրի պետական «ՍԱՆԱ» գործակալությունը՝ Սիրիայի արտգործնախարարությանը հղումով։

 

«Սպիտակ տունը կեղծ հայտարարություն է արել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին՝ մեղադրելով Սիրիայի կառավարությանը։ Դա սուտ հայտարարություն է և արվել է այն բանից հետո, երբ տվյալներ են ստացվել, որ զինյալ ծայրահեղականները քիմիական նյութեր և դրանք արտադրելու տեխնոլոգիաներ ունեն, որոնք ստացել են հարևան երկրներից»,-ասված է փաստաթղթում։

 

Դամասկոսը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից սիրիական ընդդիմությանը զինելու որոշումն ահաբեկչության դեմ պայքարում կրկնակի չափանիշերի օգտագործում է։

 

«Այն դեպքում, երբ «Ջեբհաթ ալ-Նուսրան» ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է ներգրավվում, ԱՄՆ-ում որոշում են ծայրահեղական խմբավորումներին զինել և արդարացնում են նրանց հանցագործությունները։ Այդ կերպ ԱՄՆ-ն, աջակցելով Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, հաստատում է իր ուղղակի կապն այդ արյունահեղություններին, որոնք տեղի են ունենում սիրիական հողերում»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։