Եթե Սաակաշվիլիի դարաշրջանը չավարտվեր, ես դուրսը դժվար թե լինեի. Վահագն Չախալյան

11:20 • 14.06.13

Մոտ 10 օր է, ինչ Վրաստանի արդարադատության համակարգը դուրս է եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազդեցությունից, ինչը նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին հույս է ներշնչում, որ դատարանն իր՝ Վրաստանի նախագահի դեմ հայցով արդարացի որոշում կկայացնի: «Հիմա էս դատարանների մասին օրենքից հետո հույս է ծագել, որ անկախ դատարանի հույս կա, էլի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալն ու հավելեց, որ զրպարտության և վիրավորանքի հայցով դատարան է դիմել ոչ միայն ընդդեմ Միխեիլ Սաակաշվիլիի, այլև նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետ Գոգա Խաչիձեի դեմ:


Վահագն Չախալյանը տեղեկացրեց, որ նախօրեին պատասխան է ստացել, որ մերժել են և գործ չեն հարուցել այդ երեքի նկատմամբ։ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ հարուցելու Վահագն Չախալյանի դիմումը Վրաստանի դատախազությունը մերժել է հանցանշանների բացակայության պատճառաբանությամբ:


Հիշեցնենք նաև, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով:
 

Վահագն Չախալյանը նշեց, որ զրպարտություն է համարում Վրաստանի նախագահի և նշված անձանց բազմաթիվ հայտարարություններն ու արտահայտությունները, բայց ասաց, որ միայն մեկը՝ որ «Չախալյանը ռուսական ԳՌՈՒ-ի ռեզիդենտ է», բավական է:


«Կամ իմ դուրս գալուց հետո հայտարարեց, որ զինված խմբավորումներ ունեմ, որ երեք հարյուր հոգանոց ջոկատներ եմ, իբր, ստեղծել»,- հավելեց նա:


Հիշեցնենք, որ դեռ ապրիլ ամսին տարածած հայտարարության մեջ Վահագն Չախալյանը նշել էր, որ Սաակաշվիլին նորից ու նորից փաստում է, որ իրեն բանտարկել է ազգային փոքրամասնությունների գծով երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու և դրա դեմ ջավախքահայության արդար բողոքի ձայնը լռեցնելու նպատակով:
Ջավախքցի ակտիվիստը նաև հավելել էր, որ Սաակաշվիլու կողմից իր հասցեին նախկինում արված բոլոր հայտարարություններն իր փաստաբանների կողմից դիտում է որպես լրացուցիչ ապացույց և ուղարկվելու է Մարդու իրավունքերի Եվրոպական դատարան, որտեղ ներկայումս քննվում է իր բողոքը:
 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների ջերմացման մասին հայտարարությունից հետո կարծիքներ հնչեցին, որ նոր-նոր Վրաստանում ավարտվեց Միխեիլ Սաակաշվիլիի դարաշրջանը:
 

Վահագն Չախալյանն ի պատասխան այս դիտարկման՝ նկատեց, որ նոր չէ, այլ ավարտվել է անցած տարվա հոկտեմբերի մեկին ու անգամ կատակեց՝ «Ժամանակները որ ավարտված չլիներ, ես դուրսը դժվար թե լինեի»:


Ջավախքցի ակտիվիստը մեծ հույսեր է կապում Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների ջերմացման հետ, քանի որ ասաց, որ դա կոնկրետ առավելություններ կտա ջավախքահայությանը:


«Էսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ջավախքահայության մեծամասնությունը արտագնա աշխատանքի համար մեկնում է հենց Ռուսաստան: Վիզաների պրոբլեմ կա, մինչև գտնում են, խփում, Վրաստանի քաղաքացիությունից են հրաժարվում, այլ երկրի անձնագիր վերցնում, որովհետև Վրաստանը չունի երկքաղաքացիության մասին օրենք»,- բացատրեց նախկին քաղբանտարկյալը:


Անդրադառնալով Վրաստանի նախկին նախագահի իր գնահատմամբ՝ հակահայ գործունեությանը, Վահագն Չախալյանը նշեց, որ այսօր Ջավաքխը ավելի քան երբևէ բնակեցված է մեցխեթցի թուրքերով, թուրքերով ու ադրբեջանցիներով:


«Ավելի քան 40 հազար թուրքերի քաղաքացիություն է տրվել Վրաստանում ու Ջավախքում: Եթե մի հինգ–վեց տարի առաջ Նինոծմինդայի շրջանում չէիք կարող մի հատ թուրք գտնել, էսօր արդեն, ոնց որ սովորական բան է: Ու էդ ամեն ինչը տեղի էր ունենում այնպես, որ հայերը չէին կարողանում հող առնել, իսկ թուրքերը՝ այո: Եթե մի հինգ տարի առաջ դա միայն մի շրջանում էր ներքին կարգով արգելված՝ ոչ մի հայի հող չվաճառել, էս վերջին չորս-հինգ տարիները արդեն Ջավախքում չէիր կարող մի հատ հող գնել»,- ասաց նա։


Վահագն Չախալյանն այսօր վաղաժամ է համարում ամփոփ գնահատել Բիձինա Իվանաշվիլիի վարչակարգի առավելություններն ու խոստումների կատարումը Ջավախքի հայ ազգաբնակչության համար մեծ հաշվով, սակայն ասաց, որ, անշուշտ, մթնոլորտ փոխվել է:


«Բայց դե էդ անվտանգության համակարգի ճնշումը Ջավախքում էլ էդպես չկա, ժողովուրդը իրան ավելի ազատ է զգում: Մի քիչ շունչ է քաշել»,- ասաց նախկին քաղբանտարկյալը: