«Միջազգային» աղբահավաք Բուսաբանական այգում (լուսանկարներ)

15:29 • 15.06.13

Մի շարք կամավորներ այսօր «Ժողովրդական դիվանագիտական առաքելություն. բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի և «Մաքրենք աշխարհը 2013» շարժման շրջանակներում Բուսաբանական այգում աղբահավաք կազմակերպեցին:

Այստեղ էին մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Էստոնիայից և այլն: Օրինակ՝ Քեվինը ԱՄՆի-ի Ջորջիա նահանգից է, աշխատում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը: Նախաձեռնության մասին իմացել է «Facebook» սոցիալական կայքից և շտապել բուսաբանական այգի:


Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքն անտարբեր չէր կարող լինել մի վայրի նկատմամբ, որտեղ երեխաներն են խաղում: «Սա շատ կարևոր վայր է, այդ պատճառով պարտադիր է, որ այստեղ մաքուր լինի: Մարդիկ պետք է սովորեն բնությունը մաքուր պահել»,-ասաց նա:


Մի խումբ օտարազգի ներկայացուցիչների հետ աղբահավաքին էր մասնակցում նաև Էլեն Խաչատրյանը: Նա նշեց, որ ինքը հաճախ է մասնակցում նման նախաձեռնությունների, սակայն առաջին անգամն է, որ օտարազգիների է հանդիպում:


«Այս փաստն ինձ ավելի ուրախացրեց, քանի որ սրա միջոցով միջմշակութային կապեր կստեղծվեն: Մենք հաճախ ենք ընկերներով տարբեր տարածքներ մաքրում, վերջերս աղբահավաք անցկացրել էինք բուսաբանական այգում, բայց կարծես նորից աղբ է հավաքվել»,-ասաց նա: