Ադրբեջանը լայնածավալ պատերազմի չի գնա, դա նախ ձեռնտու չէ Արևմուտքին, հետո էլ՝ անձամբ Ալիևին. քաղաքագետ

13:43 • 15.06.13

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ՝ Արա Պապյանը համոզված է, որ Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քարոզչությունը չի հանգեցնի լայնածավալ պատերազմի վերսկսման։ «Պատերազմ չի լինի, առաջինը դա բացահայտորեն ձեռտնու չէ Արևմուտքին, որովհետև այդ դեպքում նավթային կառույցները հողին կհավասարեցնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։


Ավելին, քաղաքագետի համոզմամբ՝ Ալիևն ինքն էլ շահագրգռված չէ մեծածավալ պատերազմին։ «Որովհետև ինքն էլ պատրվակ ման կգա, որ դա չլինի։ Հիշեք, որ նախկինում նա ասել էր, որ ռուսներն են հայերի թիկունքում, եթե չլինեն, կսկսենք։ Կամ էլ՝ բազմամիլիոն փողեր է ներդնում, Բաքվում միջազգային միջոցառումների համար, իսկ դա այն բանի համար է, որ ասի, քանի որ նման միջոցառումներ կան, մենք չենք կարող պատերազմ անել։ Օրինակ, օլիմպիադան»,- ասաց նա։


Արա Պապյանը շարունակում է, որ Ադրբեջանը չունի ռազմական այն գերակայությունը, որ կարող է հաղթանակ ապահովել։ «Այն զենքը, որ առնում է, միևնույնն է, նույնիսկ այդ դեպքում չի կարող հաղթել՝ հաշվի առնելով նաև զորքի կազմակերպվածությունը, կամ մեր աշխարհագրական դիրքը։ Այո մենք շատ ենք բողոքում մեր բանակից, բայց այն համեմատելի չէ նրա հետ, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում»,- ասաց նա և հավելեց, թե այստեղ Հայաստանի բախտը բերել է, որ իր հակառակորդն Ադրբեջանն է և ոչ այլ երկիր։ «Իրենց առավելությունը փողն է, բայց փողով ամեն ինչը չի , որ կարելի է անել, փողով շատ բան կարելի է անել, բայց ոչ ամեն ինչ»,- ասաց նա։


Արա Պապյանը, բացի այդ, հավատացնում է, որ եթե վաղը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն էլ տան Ադրբեջանին, իրենք չեն էլ վերցնի, քանի որ Ադրբեջանին այն պետք չի։