Դունայ գետի ջրի մակարդակը Խորվաթիայի տարածքում հասել է ռեկորդային՝ 724 սմ սահմանին
Խորվաթիայի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցող ջրհեղեղները շարունակում են թափ հավաքել: Երկրի խոշորագույն նավահանգիստ Վուկովարի տարածքում Դունայ գետի մակարդակը հասել է 724 սմ-ի՝ հատելով 2006-ին գրանցված պատմական առավելագույն ցուցանիշը: Ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ նաև օրվա ընթացքում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ տեղի լրատվամիջոցներին հղումով:
Հատուկ ծառայությունների խոսքով գետի ափին կառուցված պատնեշների իրավիճակը գնահատվում է բավարար: Հինգ ամենավտանգավոր շրջաններում պատնեշ են կառուցել 75 հազար պարկերից, ևս 20 հազարը գտնվում են պահուստում: Պաշտպանական աշխատանքների իրականացմանը ներգրավված են 3000 բնակիչ, այդ թվում՝ 1000 զինծառայող:
Փորձագետների կարծիքվ ջրի բարձր մակարդակը տարածաշրջանում կպահպանվի 5-7 օրերի ընթացքում:










