Հնդկաստանի դեսպանը Գյումրիում քննարկել է հնդկական կողմի հնարավոր մասնակցությամբ ներդրումների հարցը
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Ողջունելով առաջին անգամ Գյումրի այցելած դեսպանին՝ քաղաքապետը հակիրճ ներկայացրել է քաղաքի պատմությունը, տնտեսական և սոցիալական վիճակը, ինչպես նաև ներկայացրել քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքների հիմնական ուղղությունները:
Իր հերթին դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար և խոսել հայ-հնդկական կապերի, կյանքի կոչված և նախանշված ծրագրերի, հնդկահայ համայնքի և Հնդկաստանի ներկա տնտեսական ձեռքբերումների մասին:
Այնուհետև Սամվել Բալասանյանի առաջարկով կողմերը քննարկել են հնդկական կողմի հնարավոր մասնակցությամբ Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման հարցը:
Գյումրու քաղաքապետն ու Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն են հայտնել այս մասով իրականացնել ավելի խորը քննարկումներ և ապագայում համապատասխան առաջարկություններ ներկայացնել միմյանց: Հանդիպման ավարտին դեսպան Սուրեշ Բաբուն պատասխանել է լրագրողների հարցերին:










