Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումն այժմ, երբ նա ռազմական հաջողություններ է ունենում ապստամբների նկատմամբ, անիմաստ է. Լավրով

14:32 • 15.06.13

Սիրիայում իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման մասին ԱՄՆ-ի ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագիտական պահանջներին, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 


«Այս կանոնները հիմնված են նրա վրա, որ արյան, մեզի, հողի, հագուստի նմուշները լուրջ ապացույց են միայն այն դեպքում, եթե այդ նմուշները վերցված են քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների կողմից, և եթե այդ փորձագետները վերահսկել են նմուշները ամբողջ ճանապարհի ընթացքում՝ մինչև համապատասխան լաբորատորիան»,- նշել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։


Նա նաև ավելացրել է, որ այն նյութերը, որոնք որոշ ժամանակ առաջ ներկայացրել են իրենց ամերիկացի գործընկերները, իսկ իրենցից առաջ անգլիացիները և ֆրանսիացիները, չունեն ապացույցներ, երաշխիքներ, որ նմուշները, որոնց հիման վրա արվում են հեռու գնացող ենթադրություններ, համապատասխանել են քիմիական զենքի արգելման կազմակերպության խիստ չափանիշներին։


«Նմուշների նկատմամբ վերահսկողություն ամբողջ ճանապարհի ընթացքում՝ վերցնելու վայրից մինչև լաբորատորիա, չի եղել և նման վերահսկողության առկայությունը ոչ անգլիացիները, ոչ ֆրանսիացիները, ոչ ամերիկացիները չեն կարողացել հաստատել»,- բացատրել է Լավրովը։


Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, Լավրովը նաև ասել է, որ Արևմտյան իրենց գործընկերներն ասում էին, որ, «հավանաբար, քիմիական զենքի կիրառումը ռեժիմի շահերից չի ելնում, սակայն ելք չունենալու դեպքում, որպես վերջին հույս, այնուամենայնիվ, կարող է կիրառել այդ զենքը»։ «Այժմ ռեժիմը, ինչպես ասում են հենց ապստամբները, ռազմական հաջողություններ է ունենում։ Ի՞նչ իմաստ ունի կիրառել քիմիական զենքը, ընդ որում՝ նման փոքր քանակությամբ։ Ռազմական տեսանկյունից դա անիմաստ է, և դա բոլորն են հասկանում»,- հավելել է Լավրովը։