Րաֆֆի Հովհաննիսյանը ներողություն է խնդրում, եթե հիասթափեցրել կամ մի հոգու արտագաղթի պատճառ է դարձել (լուսանկարներ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ կուսակցության համակիրների հետ, որի ժամանակ բարձրաձայնելով վերջին շրջանում արդիական խնդիրների մասին, ասաց, որ եթե արտագաղթը նման տեմպերով շարունակվի, երկիրը տանելու է ժողովրդագրական տագնապի։
«Արտագաղթը շաբլոնային բառ է դարձել, բայց նա, ով կանգնում է սահմանի վրա, գիտի, որ դա աղետ է։ Դրա համար ես համարում եմ, որ մեր նախագահությունը ոչ թե կեղծընտիր է, այլ անընտիր է, բայց եթե նա իշխանություն է, մեղադրել ՀԱԿ–ին, Նախախորհրդարանին, Ժառանգությանը դրա մեջ, սխալ է։ Եթե ես ձեզ հիասթափեցրել եմ արյուն չբերելով կամ ստվերային կառավարություն չառաջարկելով, եթե ես մի հոգու արտագաղթի պատճառ եմ դարձել, ներողություն եմ խնդրում»,– ասաց նա՝ հավելելով, որ ով չի կարող ներողություն խնդրել, իր որոշելիքն է։
Վերջինիս խոսքով՝ շատերը շփոթում են վերջնական հաղթանակի հասնելը պարտության հետ, և այն, ինչ իրենք նախաձեռնեցին հատկապես վեց ամիս առաջ, ուժի մեջ է։ Ոչ ոք իրավունք չունի գնահատական տալ իր չիրականացված հույզի պատճառով։
«Պետք է հասկանալ՝ ՀՀ քաղաքացին պատրաստ է տանել այդ չարքաշ, ամենօրյա պայքարը, թե շատերը ոչ մի ներդրում չունենալով այս պայքարի մեջ, նկատողություն կանեն տանը նստած։ Այս տարվա ընթացքում կամ ազգովի հավաքվում ենք, կամ ամեն մեկը իր սեփական, առանձին դրոշի տակ հասարակությանը տանում է այս կամ այն ուղղությամբ»,–ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրենց խնդիրը ժողովրդի հավատը, որը խոցվել է տարիների ընթացքում, վերականգնելն է։
Ըստ նրա՝ երկրում այսօր ձևավորվել են տեղային նշանակության շատ կարևոր ընդվզման օջախներ, որոնք արտացոլանքն են այսօրվա Հայաստանի։ «Ազատամարտիկների խնդիրը, ովքեր արժանապատիվ իրենց տեղ ունենալու պահանջ են ներկայացնում, զինվորների խոցելիությունը սահմանի վրա, ինչպես նաև մեր զորամասերում։ Արմավիրում կարկուտ է տեղացել, և իշխանությունը պետք է չսպասի, որ այս կամ այն բարերար լուծի գյուղացիների խնդիրները։ Պռոշյանի խնդիրը, կրակոցներ, բնապահպանությունը իր հերթին, Մարց գյուղը, Խաչաղբյուրը, Փակ շուկան, օդաչուներ, Նաիրիտի աշխատողներ, փաստաբաններ»,– թվարկեց նա՝ նշելով, որ ով այսօր պատասխանատվություն է կրում այդ վիճակի համար, պետք է կրի այդ պատասխանատվությունն այսպես, թե այնպես։










