Այս տարի առաջին անգամ Երևանից Բաթում մեկնեց «Արմենիա» ֆիրմային գնացքը
Տոնական միջոցառմամբ այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարեց ամառային ուղևորափոխադրումների սեզոնի բացումը: Նվագախմբի ուղեկցությամբ Երևանից Բաթում մեկնեց «Արմենիա» ֆիրմային գնացքը:
Սեզոնի բացումն այս տարի հատկապես խորհրդանշական էր, քանի որ գնացքի լոկոմոտիվը ստացել էր «Արարատ Խրիմյան» անունը, ով երկաթուղու նախկին տնօրենն էր:
Սեզոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարը, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև Արարատ Խրիմյանի այրին, դուստրը և ընկերները:
Գնացքի մեկնման արարողության ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոն նշեց, որ իրենք շարունակում են սպասարկման որակը բարելավել և գնացքներում հարմարավետությունը բարձրացնել: Ըստ նրա, վերջին հինգ տարում ուղևորների քանակն ավելացել է 6 անգամ: «Նախորդ սեզոնին դեպի Բաթումի է գնացել 50 000 ուղևոր, որը 22 տոկոսով ավելին է, քան 2011-ին: Սա մեծ ցուցանիշ է»,- ասաց նա:
Սերգեյ Վալկոն տեղեկացրեց, որ իրենք փաստաթղթերի ձևակերպումը արագացրել են շուրջ 5 անգամ: «Այսօր տոմսերը կարող են գնել ոչ միայն Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, այլ նաև օնլայն` «ՀԿԵ» ՓԲԸ կայքում: Բացի այդ, տոմսարկղ է բացվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում»,- ասաց նա և շարունակեց ծանոթացնել ձեռքբերումներին:
Ըստ նրա՝ այս տարվա հիմնական նորամուծություններից է մասնավորապես ննջավագոններում անվճար Wi-Fi կապի գործարկումը: «Համոզված եմ, որ այս տարի ուղևորների թիվն էլ ավելի կաճի: Այսօր ֆիրմային գնացքի կազմում 5 վագոն է, իսկ սեզոնին դրանց թիվը կկազմի արդեն 18 վագոն»,- ասաց նա և ընդգծեց, որ այս տարի իրենց հաջողվել է նաև կրճատել Երևանից Բաթում ճանապարհը ևս կես ժամով:
Նշենք, որ չնայած պայմանների բարելավմանը, ուղևորափոխադրումների գները նույնն են, 15 000-ից 24 000 դրամ, առավելագույնը ննջավագոնների համար է:










