ԵՊՀ 2 հաշվապահ չեն մուտքագրել ուսանողների վարձավճարները. հարուցվել է քրգործ
ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Երևանի պետական համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:
Համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:
Ըստ ռեկտորի` թիվ 188 &26 հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը և պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:
Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով քննության վարչությանը:










