ՀՀ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

17:50 • 25.06.13

Բրյուսելում հունիսի 24-25-ը աշխատանքային այցով են գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը «+Հայաստան» ձևաչափով: Նիստին քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2012-2013թ. գնահատման զեկույցը:


Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, Անհատական գործընկերության գործողությունների հաջորդ ծրագրի (2014-2015թթ.) նախապատրաստական աշխատանքներին, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացումները:


Դավիթ Տոնոյանը խոսել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՆԱՏՕ-ի օժանդակությամբ իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին՝ շեշտելով Հայաստանում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ նոր ծրագրեր նախաձեռնելու կարևորությունը:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններին հայ խաղաղապահների մասնակցության հարցերին:


Այնուհետև ելույթներով հանդես են եկել Դաշինքի պատվիրակությունների ներկայացուցիչները, ովքեր բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում և իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:


Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 25-ին հանդիպել են Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին: