Մեկ ամիս աշխատավարձ չստանալուց հետո ինչի՞ չեք գործադուլ արել. կառավարության ներկայացուցիչը՝ «Արմավիայի» աշխատողներին

16:43 • 25.06.13

«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցների բողոքի ակցիան ընկերության գրասենյակի դիմացից տեղափոխվեց կառավարության շենքի դիմաց, որտեղ նրանց մոտեցավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության աշխատակից Հայկ Սիմոնյանը, ով լսեց աշխատակիցների բողոքներն ու ասաց. «Նույն խոսակցությունն ունեցել ենք ձեզ հետ, նույն հարցերն եք տալիս, կառավարությո՞ւնն ա ձեզ փող պարտք, դիմեք դատարան: Մեկ ամիս աշխատավարձ չստանալուց հետո ինչի՞ չեք գործադուլ արել»:


Նա տեղեկացրեց աշխատակիցներին, որ քաղավիացիան պարտավորություն է վերցրել մոտակա օրերին վճարել իրենց աշխատավարձերը, սակայն աշխատակիցներն ասացին, որ չեն հավատում, քանի որ իրենց էլի են նման խոստում տվել ու չեն կատարել:


«Իրենք ասել են, որ մոտակա օրերին կվճարեն, աշխատանքի տեսչություն էլ զբաղվում է այդ հարցով: Մենք ժամկետ չենք կարող ասել, դա իրենք պետք է ասեն, իրենք էլ ասում են մոտակա օրերին»,- ասաց Հայկ Սիմոնյանը, սակայն այդ խոսքերը նույնպես աշխատակիցների վրդովմունքը շարժեց:


Բնակիչների հարցերը շարունակվեցին. «Չենք կարողանում տան վարձերը մուծել, կարո՞ղ ենք էներգետիկայի նախարարին դիմել, որ մեր լույսերը չանջատեն»: Պատասխանը եղավ՝ ոչ: «Դուք գործ ունեք կազմակերպության հետ, անհատի հետ գործ չունեք»,- ասաց կառավարության ներկայացուցիչը: