Արմեն Գևորգյանն ընդունել է Իրաքի նորանշանակ դեսպանին
ՀՀ տարածքային կառավարման նախարար, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրաքի նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին, տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարությունը:
Արմեն Գևորգյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա առաքելությունն ստանձնում է մի փուլում, երբ երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է նկատվում:
ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իրաքի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու հարցում: Մասնավորապես, վերջին երկու տարիներին հայ-իրաքյան հարաբերություններն սկսել են բավականին ինտենսիվ զարգանալ. ձևավորվել է միջկառավարական հանձնաժողովը, որի առաջին նիստը կայացել է 2012թ-ին, Բաղդադում: Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս աշնանը, Երևանում:
«Հանձնաժողովն իր գործունեությամբ ավելի համակարգված բնույթ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը»,- ասել է Արմեն Գևորգյանը:
Նա նաև նշել է, որ գործարար շրջանակում արդեն կոնկրետ ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ հետաքրքրություն է նկատվում և հույս է հայտնել, որ երկուստեք ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հետաքրքրությունը վերածվի համագործակցության կոնկրետ ծրագրերի:
Իրաքի դեսպանն իր հերթին նշել է, որ Իրաքի իշխանությունները շահագրգռված են բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, և չկա որևէ խոչընդոտ` երկու երկրների միջև լավագույն հարաբերություններ հաստատելու համար:
Իր նշանակումը և դեսպանատան վերաբացումը նա համարել է դրա վկայությունը: Ըստ նրա` երկկողմ համագործակցության զարգացման համար լավ հող է նախապատրաստված:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու ժողովուրդների պատմական կապերին, ինչպես նաև կարևորել են հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:










