Կասկածում եմ, որ Սիրիայի հարցով կոնֆերանսը կկայանա հուլիսին. Լախդար Բրահիմի
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտնել է, որ Ժնևում այսօրվա հանդիպման ժամանակ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը դժվար թե համաձայնեցնեն Սիրիայի հակամարտության կարգավորման երկրորդ կոնֆերանսի ամսաթիվը, հայտնում է Russia Today-ը։
«Մենք այսօր պետք է քննարկենք հնարավոր ժամկետները, մասնակիցների կազմը և այլ կարևոր հարցեր։ Վստահ չեմ, որ մենք համաձայնության կգանք բոլոր հարցերի շուրջ։ Կասկածում եմ, որ ամսաթիվը կհամաձայնեցվի»,- ասել է Բրահիմին։
«Իսկ եթե անկեղծ, ապա ես կասկածում եմ, որ կոնֆերանսը կկայանա հուլիսին։ Ընդդիմության հաջորդ հանդիպումը, ինչպես ես հասկանում եմ, կանցկացվի հուլիսի 4-5-ը։ Ես չեմ կարծում, որ նրանք պատրաստ կլինեն»,- հավելել է Բրահիմին՝ միևնույն ժամանակ դրական գնահատելով Սիրիայի գործող կառավարության՝ «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու ցանկությունը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի դիվանագետները և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այսօր հավաքվել են Շվեյցարիայում՝ Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսին պատրաստվելու հարցը քննարկելու համար։










