Էյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով
Ոչ մի զբոսաշրջիկ այսօր չի կարողացել այցելել հայտնի Էյֆելյան աշտարակ, քանի որ չի կարողացել տոմս գտնել Ֆրանսիայի մայրաքաղաքի այս հայտնի խորհրդանիշում հայտնվելու համար, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Դրա պատճառը եղել է անձնակազմի գործադուլը, որի մասին որոշումը կայացվել է այսօր առավոտյան՝ դրամարկղը բացելուց քիչ անց։
Ինչպես հաղորդել է Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի ղեկավարությունը, աշխատակիցները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում։ Բացի այդ, աշխատակիցները գործատուների ուշադրությունն են հրավիրում զբոսաշրջային հանրահայտ օբյեկտի անվտանգության վրա։
Երեկ կողմերը բանակցել էին համաձայնության գալու շուրջ։ Բանակցությունները շարունակվել էին 7 ժամ, սակայն բոլոր կողմերին բավարարող լուծում չէր գտնվել։
Դրանից հետո Էյֆելյան աշտարակի աշխատակիցներն արտակարգ ժողով են արել և գործադուլ սկսելու որոշում կայացրել։
Այսօր երեկոյան ակնկալվում է բանակցությունների նոր փուլ։
Սենա գետի ափին տեղակայված Էյֆելյան աշտարակը բացվել է 1889թ.-ին։ Այժմ այն համարվում է ամենահայտնի զբոսաշրջային վճարովի կենտրոններից մեկը։ Ամեն տարի Էյֆելյան աշտարակի 3 հարկերից մեկը բարձրանալու համար տոմս է գնում 7 մլն մարդ։ Վերջին անգամ աշտարակի աշխատակիցները գործադուլ էին արել 2010թ.-ին։ Այդ ժամանակ այն տևել էր 2 օր։










