Լիբանանի բանակը ճնշել է զինյալ իսլամիստներին
Լիբանանյան բանակի զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը Բեյրութից 40 կմ հարավ գտնվող Սայդա քաղաքում, որտեղ երկուշաբթի կասեցվել է զինյալ ծայրահեղականների առաջխաղացումը։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է լիբանանյան բանակի հրամանատար, գեներալ Ժան Քահվաջին։
Նրա խոսքով՝ իրենց պարտքը կատարող զինվորներն ու սպաներն «իրենց արյունով պաշտպանել են քաղաքացիական խաղաղությունն ու ազգային միասնությունը»։ Բախումների հետևանքով զոհվել է 16 զինծառայող, ավելի քան 100-ը վիրավորվել են։
Լիբանանի հարավային մայրաքաղաքից ստացվող տեղեկությունների համաձայն՝ հատկապես խիստ հրաձգություններ են եղել Արբա բնակավայրում։ Տասնյակ զինյալներ հանձնվել են զորքերի կողմից բնակավայրը գրավելուց հետո, սակայն նրանց ղեկավարին՝ իսլամիստ ծայրահեղական շեյխ Ահմեդ ալ-Ասիրին, հաջողվել է փախուստի դիմել։
Սիրիական ազատ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Բասսամ Դադուն հաղորդել է, որ ալ-Ասիրը փախել է Սիրիա։
Ռազմական դատախազությունը շեյխ ալ-Ասիրին և նրա 123 համախոհներին ձերբակալելու թույլտվություն է տվել։ Երկրի վարչապետի լիազորությունները կատարող Նաջիբ Միքաթին այսօր Լիբանանում ազգային սգո օր է հայտարարել։










