Ռուս գերազանցիկ շրջանավարտները Սերբիայի դրոշով մեդալներ են ստացել

19:25 • 25.06.13

Դպրոցը գերազանցությամբ ավարտած ռուս շրջանավարտները ոսկե մեդալներ են ստացել, որոնց վրա Ռուսաստանի դրոշի փոխարեն պատկերված է եղել Սերբիայի դրոշը, հայտնում է Вести.ru-ն՝ հղում անելով «Մոսկվա-24» հեռուստաալիքին, ում մեդալի լուսանկարն ուղարկել է շրջանավարտների ծնողներից մեկը:


Պարգևի ստորին հատվածում պատկերված է կրթության ոլորտում լուրջ հաջողությունների խորհրդանիշ եռագույնը: Սակայն դրոշի գույների տեղերը շփոթել են, որի արդյունքում ճիշտ սպիտակ-կապույտ-կարմիր-ի փոխարեն գույների կարմիր-կապույտ-սպիտակ հերթակայությամբ ստացել են Սերբիայի դրոշը:


Դեռևս հայտնի չէ, թե քանի շրջանավարտ է ստացել նմանատիպ պարգևներ, սակայն Մոսկվայի կրթության վարչության աշխատակիցը հայտնել է, որ իրենց մոտ է գտնվում 170 նման մեդալ: Վերջինիս խոսքով իրավիճակը կհարթվի, և շրջանավարտները նոր պարգևներ կստանան, երբ որ կարողանան պարզաբանել, թե որտեղից են հայտնվել սխալ տարբերակները:


Ավարտական երեկոները Ռուսաստանում տեղի են ունեցել հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը: Այս տարի Ռուսաստանի դպրոցներն ունեցել են շուրջ 700 հազար շրջանավարտներ: