Սարի Թաղում Արմենն իրեն ծեծողներից ազատվելու համար օդ է կրակել

11:12 • 25.06.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 25-ին՝ ժամը 02:00-ին, զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի Թաղում, գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է ընկած: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ 


Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Սարալանջի և Չարենցի փողոցների հատման մասում՝ գետին ընկած, հայտնաբերել է 1980 թ. ծնված Արմեն Մխիթարյանին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Պարզվել է, որ ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մխիթարյանի հետ և ծեծի ենթարկել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մխիթարյանը իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնություն պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն:
 

Tert.am-ի հետ զրույցում Էրեբունի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ նեյրովիրաբույժը տեղեկացրեց, որ տուժածի վիճակը կայուն է, կան վերքեր՝ գլխի և նստատեղի հատվածում: Նստատեղի հատվածի վերքերը, ըստ բժշկի, նման են դանակի հարվածից առաջացած վերքերի, իսկ գլխինը՝ ուղղակի պատռվածքներ են: