Ադրբեջանին զենք վաճառելը Ռուսաստանի շուկան է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, քանի որ դա բիզնես է և Ռուսաստանը նույնկերպ զենք է վաճառում տասնյակ այլ երկրների, այդ թվում նաև ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամների, այս մասին այսօր Երևանում մեկնարկած «ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ընթացքում լրագրողներին հետ ճեպազրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
ՀԱՊԿ ղեկավարն այս մասին ասաց՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱՊԿ անդամ-պետության՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը, այն պարագայում, երբ Ադրբեջանը, դե ֆակտո, պատերազմի մեջ է Հայաստանի հետ։
«Դա Ռուսաստանի Դաշնության շուկան է, այլ հարց է, որ այս դեպքում Ռուսաստանն առաջնությունը տվել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման սկզբունքին»– ասաց նա՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետություններին՝ այս դեպքում՝ Ադրբեջանին, զենք վաճառելու որոշման հիմքում դրվում է ամենակարևորը՝ Կովկասում առաջնահերթությունների պահպանումը։
Լրագրողների այլ հարցերին Նիկոլայ Բորդյուժան խոստացավ պատասխանել ֆորումի երկրորդ օրը։
Նշենք, որ ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը:










