Օբաման մտադիր է սահմանափակումներ մտցնել մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալների առնչությամբ
ԱՄՆ վարչակազմը մտադիր է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալների առնչությամբ սահմանափակումներ մտցնել: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Նա հիշեցրել է, որ այժմ նման արտանետումների 40%-ի «մեղավորն» էլեկտրակայաններն են, սակայն դաշնային մակարդակով այս առնչությամբ որևէ սահմանափակում չկա:
«Մենք սահմանափակումներ ունենք այնպիսի քիմիական նյութերի համար, ինչպիսին են սնդիկը, ծծումբը կամ մկնդեղը, սակայն էլեկտրակայանները շարունակում են մթնոլորտ արտանետել մեծ քանակությամբ ածխաթթու գազ: Եվ դա ճիշտ չէ»,-ասել է պետության ղեկավարը:
Այս կապակցությամբ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը հանձնարարվել է վերջ տալ այս «անսահմանությանը» և մշակել արտանետումների ծավալների նոր չափանիշեր, որոնք կիրառելի կլինեն ինչպես նոր, այնպես էլ հին օբյեկտների համար:
Նախագահը նաև հանձնարարել է, որպեսզի այդ ամենը կատարվի բաց և թափանցիկ կարգով՝ հավելելով, որ այդ միջոցառումները պետք է բավականին ճկուն լինեն տարբեր նահանգների համար:










