Հայաստանի կառավարությունը շահել է ԵԽԽՎ պալատի վիտրաժի մրցույթը

12:03 • 26.06.13

Հայաստանը շահել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պալատի ոչ թե պատուհանների ապակիների տեղադրման համար, այլ վիտրաժներ տեղադրելու միջոցով նվիրատվություն անելու մրցույթը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով պարզաբանեց, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում օգտագործելով «ապակի» բառը, ենթադրել է , որ բոլորը տեղյակ են, որ խոսքը վիտրաժի մասին է:
 

Ի դեպ, երեկ մեր զրույցի պահին Զոհրաբ Մնացականյանը շտապում էր և բարձրանում էր ինքնաթիռ, իսկ ԱԳՆ խոսնակը Ստրասբուրգում լինելով՝ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ երեկ այս առումով տարակուսանք էր առաջացրել ՀՀ փոխարտգործնախարարի այն նախադասությունը, որ «…այս քայլով Հայաստանն էլ իր ներդրումն է կատարում Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող մշակութային հավաքածուում»:
 

Tert.am-ին այսօր Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ վիտրաժների հեղինակը նկարիչ, դիզայներ Արևիկ Պետրոսյանն է, սակայն դժվարացավ հիշել, թե որքան գումար է կազմում ՀՀ կառավարության նվիրատվությունը ԵԽԽՎ-ին:
 

Արևիկ Պետրոսյանը նկարիչ, քանդակագործ ու «չեկանկիստ» Բենիկ Պետրոսյանի դուստրն է: Bravo.am-ի տեղեկացմամբ՝ Արևիկ Պետրոսյանը ստեղծագործում է օրգանական ապակու վրա` ոսկով և արծաթով, ինչը հենց նկարչուհու խոսքով՝ նոր ուղղություն է արվեստում:
 

Նկարչուհու առաջին լուրջ ցուցահանդեսը եղել է 2005 թվականին՝ Եղեռնի 90-ամյակին նվիրված «Ծաղիկներս նահատակաց» խորագրով։ 2008 –ին եղել է նրա երկրորդ՝ Երևանին նվիրված ցուցահանդեսը: