Ալպինիստը Մոնբլանի վրա թանկարժեք քարերով լի տուփ է գտել
Ֆրանսիացի ալպինիստը Մոնբլան լեռան վրա 246.000 եվրո արժողությամբ գանձ է հայտնաբերել, որը մոտ 50 տարի մնացել է այնտեղ, գրում է ria.ru-ն:
Ալպինիստը հայտնաբերել է թանկարժեք քարերով լի տուփը՝ զմրուխտ, շափյուղա, և այն փոխանցել է ոստիկանությանը:
Տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչն ասել է, որ երիտասարդը շատ ազնիվ է եղել և հասկացել, որ հարստությունները պատկանում են ինչ-որ մեկին, ով մահացել է լեռան վրա: Նրա խոսքով՝ ալպինիստը կարող էր պահել հարստությունն իրեն, սակայն նախընտրել է այն փոխանցել ոստիկանությանը:
Թանկարժեք քարերով լի փաթեթների վրա գրված է եղել՝ «Պատրաստված է Հնդկաստանում»: 1950 և 1966 թվականներին Մոնբլանում Air India-ի ինքնաթիռներ են վթարի ենթարկվել:
Այժմ Ֆրանսիայի իշխանությունները կապվում են հնդիկ գործընկերների հետ, որպեսզի փորձեն գտնել թանկարժեք քարերի նախկին տիրոջը:










