Լիբանանը սիրիացի փախստականների հոսքի պատճառով ճգնաժամի եզրին է հայտնվել

17:46 • 26.09.13

Լիբանանը սոցիալական պայթյունի է սպասում՝ սիրիացի փախստականների ավելացող հոսքի պատճառով. նման տեսակետ է հայտնել երկրի նախագահ Միշել Սուլեյմանը։

 

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, Լիբանանի ղեկավարը նշել է, որ ճգնաժամի վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ են խոշոր ֆինանսական միջոցներ։

 

Այդ գումարներն անհրաժեշտ են փախստականների կարիքները հոգալու, ինչպես նաև հանրային կառույցների և բանակի ամրապնդման համար։

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում Լիբանանում արդեն գրանցված է 760 հազար սիրիացի փախստական։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 1 միլիոնի։

 

Կառավարության տվյալներով, սակայն, Լիբանանում արդեն 1.2 մլն սիրիացի ներգաղթյալ կա։ Այդպիսի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոչ բոլոր փախստականներն են գրանցվելու համար դիմում ներկայացրել։


Համաձայն կանխատեսումների՝ Լիբանանը սոցիալական լարվածության պայթյունի է սպասում, եթե միջազգային հանրությունը չօգնի լուծել փախստականների խնդիրը։

 

Շուտով կսկսվեն էլեկտրաէներգիայի խափանումները։ Դպրոցները, որոնք ստիպված կլինեն 1000-ից ավելի սիրիացի երեխաներ ընդունել, կանցնեն հերթափոխային ռեժիմին։ Այժմ լիբանանցիների և սիրիացիների միջև վեճեր են տեղի ունենում աշխատատեղերի համար։

 

Ինչպես հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յուն Կիմը, մինչև 2014թ.-ի ավարտը 200-300 հազար լիբանանցիներ աշխատանք կկորցնեն։ Գործազրկությունը կհասնի 20%-ի։