Թարգմանության բարդությունները. Իրանի նախագահը չի ճանաչել Հոլոքոստի փաստը

16:48 • 26.09.13

Ամերիկյան CNN հեռուստաալիքը եթեր է հեռարձակել Հոլոքոստի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի սխալ մեկնաբանությունը։ Նախագահի խոսքը կրճատվել է, իսկ նրա իմաստը խեղաթյուրվել թարգմանչի մեղքով, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությանը։

 

Տեղեկատվական գործակալությունը ներկայացնում է նախագահ Ռոհանիի խոսքի ճիշտ թարգմանությունը.

«Ինչպես ասել եմ նախկինում, ես պատմաբան չեմ։ Եվ միայն պատմաբանները պետք է հստակ սահմանեն, ձևակերպեն և բացատրեն պատմական իրադարձությունները։ Սովորաբար, մենք դատապարտում ենք ցանկացած հանցագործություն մարդկության դեմ, որն իրականացվել է քաղաքակրթության պատմության ցանկացած փուլում։ Դա վերաբերում է նաև նացիստական հանցագործություններին, որոնք իրականացվել են հրեաների և այլ ազգերի դեմ։ Մենք դատապարտում ենք ցեղասպանությունը և հանցագործությունները, եթե դրանք իրականացվում են մեր օրերում ցանկացած ազգի և կրոնի դեմ։ Հետևաբար, այն, ինչ արել են նացիստները, պետք է դատապարտվի։ Սակայն սահմանումներ և բացատրություններ այդ պատմական փաստերին, որոնց մասին դուք խոսում եք, պետք է տան միայն պատմաբանները և հետազոտողները։ Իսկ ես պատմաբան չեմ»,- ասել է Իրանի նախագահը։

 

Այդ հարցազրույցը CNN հեռուստաընկերությունը վերնագրել է հետևյալ կերպ՝ «Ռոհանին Հոլոքոստն անվանել է դատապարտման արժանի հանցագործություն հրեական ազգի դեմ»։ Դա կրկնել էին շատ համաշխարհային ԶԼՄ-ներ։

 

Հարկ է նշել, որ ավելի ուշ մեկ այլ ամերիկյան հեռուստաընկերության՝ NBC News-ի թղթակիցը նույնպես խնդրել է Իրանի նախագահին կիսվել Հոլոքոստի վերաբերյալ իր կարծիքով։ Սակայն Ռոհանին զերծ է մնացել գնահատականներից՝ ասելով, որ ինքը ոչ թե պատմաբան է, այլ քաղաքական գործիչ։