Փոստանջյանը և իրեն ուղեկցող անձինք փորձել են սադրել հակաիրավական գործողություններ. ՌԴ սահմանապահների պարզաբանումը

19:59 • 26.09.13

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` երեկ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հայտարարությունների կապակցությամբ «Արմենպրես»-ը դիմել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչություն: Ի պատասխան` Սահմանապահ վարչությունից հայտնել են.

 

«Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ. Ա. Փոստանջյանն անձանց խմբի հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում` հարակից Հայաստանի Հանրապետության` Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանին, որն, ըստ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, հսկում են Ռուսաստանի սահմանապահները:

 

Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների հետ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ:

 

Ժամը 20:00-ի շրջանում Երևան-Մեղրի ճանապարհի վրա կանգնացվել է մի մեքենա, որում գտնվել է Զ. Ա. Փոստանջյանը:

 

Զ. Ա. Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը և կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ.Ա. Փոստանջյանն ու իր ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապակայնորեն տեսանկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Ի հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները տեսանկարահանման սարքը չեն կոտրել:

 

Ավելին, դեպքի վայր է ժամանել Սահմանապահ վարչության ներկայացուցիչը, ով ճշտել է դեպքի մանրամասները և կարգավորել խնդիրը:

 

Այնուամենայնիվ, Զ. Ա. Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին:


Իրենց գործողություններով Զ.Ա. Փոստանջյանի գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարումը` կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների որոնման և ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով:

 

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ցավում է տեղի ունեցածի համար:

 

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել սահմանապահ ռեժիմի և սահմանի ռեժիմի կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Սահմանի ռեժիմը բոլորի համար նույնն է` լինի դա խորհրդարանական կամ շարքային քաղաքացի:

 

Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել Ազգային ժողովի, որի անդամ է Զ. Ա. Փոստանջյանը, կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության «Պետական սահմանի» մասին օրենքի 34-րդ հոդվածը. «Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանման հարցում, Սահմանապահ զորքերին անհապաղ հայտնել պետական սահմանին սպառնացող վտանգի մասին»»: