ԼՂՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին

17:35 • 27.09.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին՝ նրա մահվան կապակցությամբ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, հայ ազգի արժանավոր զավակ Սոս Արտաշեսի Սարգսյանի մահվան մասին:

Սոս Սարգսյանը մեծ մտավորական էր, մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու պատվավոր առաքելությանը:

Անգնահատելի է Սոս Սարգսյանի ներդրումը հայկական մշակույթի զարգացման, բազում սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում: Իր անսպառ տաղանդի եւ փայլուն աշխատանքի շնորհիվ նա հարգանք ու ճանաչում է վաստակել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:

Մեծ է Սոս Սարգսյանի ավանդը նաեւ Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործում: Նա միշտ եղել է Արցախի հետ՝ ըստ ամենայնի աջակցելով մեր պետականաշինության գործընթացին:

Արցախում բարձր են գնահատել Սոս Սարգսյանի հայրենանվեր գործունեությունը՝ պարգեւատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով եւ այլ պետական պարգեւներով:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեզ բոլորիս՝ անդառնալի կորստի առթիվ:
Սոս Սարգսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: