Թուրքիայում լույս է տեսել 82-ամյա հայուհու՝ ինքնությունը շրջապատից թաքցնելու մասին պատմությունը

10:33 • 27.09.13

Թուրքիայում գործող «Արդի լրագրողների միության» ղեկավար Ահմեթ Աբաքայն իր «Հոշանայի վերջին խոսքը» նոր գրքում պատմում է, թե ինչպես իր մայրը՝ Հոշանան, իր կյանքի 82 տարիների ընթացքում բոլորից՝ որդիներից, թոռներից, թաքցրել է իր հայկական արմատները։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական T24-ը, գրքի նախաբանում նրա լրագրող որդին գրում է.«Մանկությունից ի վեր ալևի մշակույթի մեջ մեծացած մի մարդ, մի կին հայկական արմատներ ունենալն 82 տարի շարունակ ընտանիքից, երեխաներից, թոռնիկներից, շրջապատից ինչպե՞ս կարող էր թաքցնել»։

 

Նախաբանում հեղինակն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչպես է մայրն իրեն պատմել այդ գաղտնիքը։

«Թե ինչպես պատահեց, այդ օրը նա կրտսեր որդուն՝ ինձ, այդ իրականությունն ամբողջությամբ պատմեց։ Հաջորդ օրը վթարի հետևանքով կորցրեց գիտակցությունն ու մահացավ։ Հոշանայի այս գաղտնիքը, նրա կյանքի որոշ հատվածների պատմությունը գրելով՝ երեխաներիս իմ երիտասարդության տարիներին հասցնելու կարիք զգացի»,-գրել է նա։