ԲՀԿ-ն մեկ որոշում կունենա Գևորգ Կոստանյանի նշանակման քվեարկության ժամանակ
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից առաջարկված թեկնածու զինդատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, թեև նպատակահարմար չհամարեց իր գործընկերների հնչեցրած հարցերին անդրադառնալ, բայց նկատեց, թե իրենց որոշ հարցերի պատասխան ստացել են և քվեարկությունը կլինի մեկն ընդհանուր որոշմամբ։
Իսկ, ընդհանուր առմամբ, նա նշեց, որ Գևորգ Կոստանյանի հետ իրենք խոսել են արդարության ճգնաժամի մասին, նաև անդրադարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեպքին։
«Արդարության ճգնաժամ իրավապահ համակարգի հանդեպ, արդարության դեֆիցիտ իրավապահ մարմինների հանդեպ, հատկապես դատախազական համակարգի հանդեպ՝ հաշվի առնելով նախորդ փորձերը, նաև ինչպես է վերաբերում քաղաքական պատվերներին, երբ լինում են քաղաքական պատվերներ, մասնավորապես Վարդան Օսկանյանի դեպքը և այլն»,- արագ թվարկեց ԲՀԿ պատգամավորը:
Հարցին, թե ինչ էր պատասխանում Գևորգ Կոստանյանը, Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց հարցնել պարոն Կոստանյանին։
«Մենք պատասխանները լսեցինք, հիմա և երկուշաբթի կլինի քննարկում և մենք քվեարկության մեր կերպը կորոշենք: Ըստ էության, մենք մեր հարցերին որոշ պատասխանները ստացանք, բայց թույլ տվեք մենք մեր որոշումը կայացնենք»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե խմբակցությունը կունենա նույն որոշումը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ կլինի մեկ որոշում»։










